Ա. Մխիթարյան. «Հայ երիտասարդները գնալով ակտիվանում են»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի կողմից հռչակված Երիտասարդների միջազգային օրը' օգոստոսի 12-ը, Հայաստանում կնշանավորվի մի շարք միջոցառումներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայաստանի երիտասարդական ակումբների ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ատոմ Մխիթարյանը նշեց, որ տոնի առթիվ կազմակերպությունը օգոստոսի 12-ին նախատեսում է այցելություն Աղվերանում անցկացվող «Արի տուն» ճամբար, որտեղ ծրագրի մասնակիցներին կներկայացվեն Հայաստանում երիտասարդության դերին, հիմնախնդիրներին վերաբերող հարցեր: Կպատրաստվի նաեւ երիտասարդների դերի բարձրացման հետ կապված կոչ-ուղերձ, որն էլ հետագայում կբաժանվի այլ երիտասարդական կազմակերպություններին:
«Ցանկացած երկրում երիտասարդներն առանցքային դեր ունեն: Հայաստանում երիտասարդները գնալով ակտիվանում են, փորձ է արվում բարձրացնել հասարակության մեջ նրանց դերը, իրականացվում են երիտասարդական բազմաթիվ ծրագրեր»,- ընդգծեց Ա. Մխիթարյանը' հավելելով, որ ցանկացած երիտասարդ պետք է գիտակցի իր պատասխանատվությունը երկրի առջեւ եւ հասարակական գործընթացներում: