Կարծիքներ

Դ.Հարությունյան. «Երկխոսության հարթակը չի կարող առաջնորդվել վերջնագրերով»

2 րոպեի ընթերցում

Դ.Հարությունյան. «Երկխոսության հարթակը չի կարող առաջնորդվել վերջնագրերով»

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկխոսությունն այն հարթակն է, որը որեւէ զգուշացումներով, վերջնագրերով կամ պայմաններով չի կարող առաջնորդվել: Այսօր կոալիցիա-ՀԱԿ երրորդ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց կոալիցիոն աշխատանքային խմբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը: «Երկխոսությունը գործընթացն ինտենսիվ առաջ տանելու փոխադարձ ցանկություն է, որովհետեւ բոլորս մի նպատակ ենք հետապնդում, այն է' անել ամեն ինչ, որպեսզի երկրում իրավիճակը բարելավվի, երկիրը դրանից շահի: Թերեւս այդ գիտակցումն է, որ երկու կողմերին դրդում է գնալու ավելի ինտենսիվ քննարկումների, իսկ եթե մի կողմն ունի վերջնաժամկետներ իր համար, ապա մենք որեւէ վերջնաժամկետ չունենք, սակայն հակված ենք ինտենսիվ աշխատելուն»,- ասաց Դ.Հարությունյանը' հավելելով, որ այսօր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ընթացքում բովանդակային քննարկումներ չեն եղել:

Քննարկվել է 2 հարց: Առաջինը վերաբերել է ոստիկանության եւ ՀԱԿ-ի ցուցարարների միջեւ տեղի ունեցած միջադեպին, որի վերաբերյալ, ինչպես նշեց Դ.Հարությունյանը, վերջնական պատասխան դեռեւս չկա, սակայն ընթանում է ծառայողական քննություն: «Քննարկվել են նաեւ տրանսպորտային խնդիրների հետ կապված հարցեր: Ինչպես նշել էինք նախկինում' պատրաստ ենք հետամուտ լինելու այդ հարցի ուսումնասիրմանը' հասկանալու համար, թե ինչումն է խնդիրը, եւ մեզ այսօր տրամադրվեցին նյութեր, որոնք մենք կդարձնենք ուսումնասիրության առարկա»,- ընդգծեց Դ.Հարությունյանը:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի խոսքով էլ' հասարակությունը երկխոսությունից ակնկալում է կոնկրետ արդյունքներ եւ ամբողջ երկխոսությունը կառուցվում է այդ արդյունքների ապահովման համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում