Կարծիքներ

Վ. Աթանեսյան. «Ադրբեջանի համար Վրաստանի օրինակը չի կրկնվի»

2 րոպեի ընթերցում

Վ. Աթանեսյան. «Ադրբեջանի համար Վրաստանի օրինակը չի կրկնվի»

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունների քայլը' Կոնգրեսից պահանջել բանաձեւ, որով կճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողաջականությունը, ունի քարոզչական բնույթ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:

Ի դեպ, Կոնգրեսը մի քանի օր առաջ բանաձեւ է ընդունել, որով ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: «Փաստորեն, ադրբեջանական լոբբիստական կազմակերպություններն այս քայլից հետո փորձել են առիթից օգտվել: Սակայն, կարծում եմ, որ դա երբեւէ իրականություն չի դառնա: Վրաստանի պարագայում ԱՄՆ-ի քայլն ունեցել է աշխարհաքաղաքական ենթատեքստ, որով ցույց է տրվում Ռուսաստանին, որ 2008 թվականի պատերազմից հետո ձեւավորված ստատուս քվոյի պահպանումն ԱՄՆ-ի համար անընդունելի է: Այն, որ ԱՄՆ-ը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր եւ փորձում մոտեցնել ղարաբաղյան հակամարտության կողմերին' համաձայնության գալուն, վստահություն է ներշնչում, որ ԼՂ խնդրի շուրջ անհավասարակշիռ քաղաքականություն եւ քայլեր չի վարի»,- ասաց Վ. Աթանեսյանը:

Միաժամանակ, վերջինս ընդգծեց, որ Ադրբեջանի օկուպացման ներքո են գտնվում ԼՂՀ մի շարք տարածքներ: «Այս պարագայում մենք կարող ենք ակնկալել միջազգային հանրությունից, որ ճանաչվի Արցախի տարածքային ամբողջականությունը: Միաժամանակ, կարծում եմ, որ ԱՄՆ-ի ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունները չունեն այն հեղինակությունը եւ ազդեցությունը կոնգրեսականների նկատմամբ, որով կհասնեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող անհավասարակշիռ բանաձեւի ընդունման: Նրանց այդ քայլը արտաքին քաղաքական ֆոնի ձեւավորման նպատակ է հետապնդում եւ անիրատեսական ցանկություն է, էժանագին գործողություն»,- ասաց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում