Կարծիքներ

Ըստ Գ. Մինասյանի` կոալիցիա- ՀԱԿ երկխոսությունը գտնվում է կարեւոր հանգրվանում

2 րոպեի ընթերցում

Ըստ Գ. Մինասյանի` կոալիցիա- ՀԱԿ երկխոսությունը գտնվում է կարեւոր հանգրվանում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոալիցիա-ՀԱԿ երկխոսության ներկա փուլը դրական է, այն գտնվում է կարեւոր հանգրվանում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ, քաղաքական կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանը' հավելելով, որ պետք է ստեղծել համապատասխան պայմաններ, որպեսզի երկու կողմերում առկա ներուժը ոչ թե տանել դեպի առճակատում, այլ' կառուցողական ուղով:

«Մենք կփորձենք ՀԱԿ-ի մեր գործընկերների հետ ստեղծել հարթակ: Դա իրականում դժվար գործ չէ: Նման նախադրյալ չկա հետխորհրդային որեւէ երկրում, սակայն կա աշխարհի այլ երկրներում եւ տվել է իր դրական արդյունքները»,-ասաց Գ. Մինասյանը:

Քաղաքական կոալիցիա-ՀԱԿ երկխոսության օրակարգում ընդգրկվել է արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը: Գ. Մինասյանի խոսքով' կողմերի առաջարկած հարցերն օրակարգում ընդգրկելն առավել մեծ հնարավորություն է ստեղծել նրանց տեսակետները քննարկման առարկա դարձնելու համար: Նա նշեց, որ երկխոսության ընթացքում կքննարկվեն արտահերթ ընտրությունների հարցի մասին ՀԱԿ-ի առաջարկը, հիմնավորումները, գնահատականները, նրանց ակնկալիքները: Ըստ նրա' այդ քննարկումները կարող են բերել բավականին հետաքրքիր հանգուցալուծման, այդ թվում' ՀԱԿ-ի համար:

Գ. Մինասյանը, խոսելով կոալցիա -ՀԱԿ հերթական' օգոստոսի 4-ին կայանալիք հանդիպման մասին, նշեց, որ չափազանց կարեւոր հարց է քննարկվելու, այն է' աշխատակարգի հարցը, այսինքն' ինչպես պետք է քննարկվեն օրակարգում ընդգրկված երկու հարցերը: «Չեմ բացառում, որ այս հարցի քննարկումն ու դրա շուրջ համաձայնության ձեռքբերումը մեծապես կպայմանավորի ողջ գործընթացի հետագա հաջողությունը»,- ավելացրեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է երկխոսության գործընթացի ժամկետներին, Գ. Մինասյանը նշեց, որ գործընթացի սկզբում ժամկետներ հայտարարելը խելամիտ չէ, քանի որ դրանով տպավորություն է ստեղծվում, որ գերակա է ժամկետների հարցը:

Լրագրողների հարցին, թե այս գործընթացի դրական արդյունքը ո՞րը կարելի է համարել, նա ասաց, որ դրական արդյունքը կարող է լինել այն, որ կողմերը գան ընդհանուր եզրակացության:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում