Փաստ մեկնաբանությամբ

Պայմանագրային ամուսնությունները Հայաստանում արդիական չեն

2 րոպեի ընթերցում

Պայմանագրային ամուսնությունները Հայաստանում արդիական չեն

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի շատ երկրներում ընդունված է կնքել ամուսնական պայմանագիր: Այսպես նոր կազմավորվող ընտանիքը միտում ունի զերծ մնալ հնարավոր տհաճ անակնկալներից: Օրինակ' ձեռքի տակ ունենալով մի փաստաթուղթ, ըստ որի' համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված ամբողջ գույքն ու ունեցվածքը հավասարապես պատկանում է երկու կողմին' ամուսիններից ոչ մեկը չի ունենա այն մտավախությունը, որ օրերից մեկ օր կարող է մնալ դատարկաձեռն:

Հայաստանում ամուսնական պայմանագրերի մասին օրենքն ընդունվել է 1999թ., սակայն մեզանում այն այնքան էլ արդիական չէ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արդարադատության նախարարությունից, նոտարական գրասենյակներ ամուսնական պայմանագիր կնքելու ցանկությամբ դիմում են հազվադեպ մարդիկ, որոնց կարելի է մատների վրա հաշվել, եւ նրանց կոնկրետ թիվը ճշտելու համար վիճակագրություն կատարելու կարիք էլ չկա, մինչդեռ ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում զույգերի 70 տոկոսը կնքում է ամուսնական պայմանագիր:

Հոգեբան Կարինե Նալչաջյանի կարծիքով' հայկական իրականության մեջ պայմանագրային ամուսնություն երեւույթը խորթ է: «Այն դեմ է մեր մտածելակերպին: Զույգն ամուսնությունից հետո պետք է մտածի միայն ամուր ընտանիք կազմելու, երեխաներ դաստիարակելու մասին, սակայն մենք ապրում ենք 21-րդ դարում, երբ ոչնչի հանդեպ լիովին վստահ լինել չես կարող' նույնիսկ սեփական անձի նկատմամբ: Այդ իսկ պատճառով գտնվելով առողջ եւ սթափ վիճակում' նպատակահարմար է հարաբերություններին ավելի իրավական ուժ տալ»,- ասաց հոգեբանը: Վերջինիս կարծիքով' ամուսնական պայմանագրի ստորագրումը խելացի եւ հոգեպես ուժեղ մարդուն ոչ մի կերպ չի խանգարի երջանիկ լինել, այլ միայն կավելացնի հավատը մեկմեկու հանդեպ: «Դժվար է ասել, թե ով առաջինը կմտածի ամուսնական պայմանագիր կնքելու մասին' կինը, թե տղամարդը, երեւի նա, ով ավելի մեծ կարողություն ունի»,-ասաց Կ. Նալչաջյանը' հավելելով, որ ավանդական եւ պահպանողական մտածելակերպ ունեցող մեր ժողովրդին ժամանակ է հարկավոր բարդույթներից ազատվելու եւ իրավական գիտակցություն ձեւավորելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում