Է. Երիցյան. «Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրմամբ նախկին մտածողությունն է հաղթահարվել»
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2011 թվականը եռակի հոբելյանական է Հայաստանի Հանրապետության համար. լրանում է անկախության 20, Եվրոպայի խորհրդին անդամակցության 10 եւ տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակը:
«Թյուր կարծիք է երբեմն մարդկանց մոտ ձեւավորվում, թե 1996 թ-ից առաջ չենք ունեցել տեղական ինքնակառավարում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը' նկատելով' որտեղ կան երկկողմանի հարաբերություններ, տեղական կառավարում է առաջանում: «Մենք պարզապես վերջին 15 տարիներին նոր համակարգով ենք ապրում' ավելի կանոնակարգված»,-բացատրեց նա' հավելելով, որ ներկայում կա մի պետություն եւ 915 համայնք' բոլորն էլ անկախ, առանց ենթակայության: «Այսինքն' եթե նախկինում կենտրոնական իշխանությունները միջամտում էին տեղական կառավարման մարմինների գործունեությանը, եթե քաղաքացին' որպես իր վերադաս, ճանաչում էր մարզպետին, քաղաքապետին, նախարարին, նախագահին, ապա այժմ մտածողության հաղթահարում ենք արձանագրել' անկախացնելով մեր տեղական ինքնակառավարման կառույցները»,-փաստեց նա:
Է. Երիցյանի խոսքով' համակարգի կայացման առումով' ինստիտուտները ձեւավորված են, սակայն ժողովրդավարության մասնակցության առումով անելիքներ դեռ կան: Հայաստանի բոլոր համայնքների բյուջեների ընդհանուր ֆոնդը, օրինակ, պետական բյուջեի 10 տոկոսն էլ չի կազմում: «Սակայն այժմ մենք սկսել ենք աշխատել նոր սկզբունքով. դիտարկում ենք համայնքը' որպես ամփոփ ամբողջականություն' իր առանձնահատկություններով»,-նշեց միության նախագահը' հավաստելով, որ համայնքապետերն էլ առավել ակտիվ ու ինքնուրույն են սկսել աշխատել' համագործակցելով տարբեր միջազգային դոնոր-կազմակերպությունների հետ: Որպես այդպիսի ինտենսիվ գործունեություն կազմակերպողներ' նա մատնացույց արեց Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերը: