Ա. Շաքարյան. «Թուրքիայի խորհրդարանի վստահության քվեն նոր կառավարությանը ձեւականություն էր»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանի վստահության քվեն թուրքական նոր կառավարությանը միայն ձեւական բնույթ էր կրում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը' հավելելով, որ Ռեջեբ Թայիբ Էրդողանի' «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, խորհրդարանում ունենալով 327 տեղ, արդեն ապահովել էր վստահության քվեի հաստատումը, որի համար հարկավոր էր անգամ միայն 225 կողմ քվեն:
«Ձեւականորեն նոր կոչվող կառավարությունում Էրդողանը գրեթե ոչինչ չի փոխել: Ամեն ինչ հիմնականում այնպես է, ինչպես մինչեւ նոր կառավարության ձեւավորումը: Նախարարների մեծ մասը մնացել են իրենց պաշտոններում, կան միայն երկու- երեք դեպքեր, երբ նախարարին փոխարինել են փոխնախարարներով, կամ էլ դիրքային տեղափոխություններ են եղել մի նախարարությունից մյուսը: Օրինակ' բնական պաշարների նախարարն այժմ զբաղեցնում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը եւ հակառակը»,- նշեց Ա. Շաքարյանը' հավալելով, որ կարեւորագույն նախարարություններում դերակատարները չեն փոխվել, ինչպես արտաքին գործերի նախարար Դավութօղլուի դեպքում. ըստ այդմ' նոր փոփոխություններ արտաքին քաղաքական ռազմավարության մեջ, ինչպես եւ մյուս ճակատներում չեն դիտվելու: