Կարծիքներ

Ըստ Տ. Դավթյանի` «Զվարթնոց»-ի ազատ տնտեսական գոտին շուտով լավ արդյունքներ կարձանագրի

3 րոպեի ընթերցում

Ըստ  Տ. Դավթյանի` «Զվարթնոց»-ի ազատ տնտեսական գոտին շուտով լավ արդյունքներ կարձանագրի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց» օդանավակայանի ազատ տնտեսական գոտու գործունեության արդյունավետության մասին խոսելը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը վաղ է համարում, սակայն ինչպես նա նշեց «Արմենպրես»-ի հետ զրույցում, գործարարներն արդեն սկսել են արտահանումը տերմինալի միջոցով: Առաջին նմանօրինակ ապրանքատեսակը, որ գրանցվել է, ծիրանն է: «Ծառայությունները մատչելի են»,- վստահեցրեց նա' հավելելով, որ գործընթացը վերահսկվում է նախարարության կողմից:

Ուղղության կայացման եւ գործունեության ակտիվացման հարցում հոգեբանական խնդիր է տեսնում նախարարը: «Կարծում եմ' որոշիչ կլինի նրանց տպավորությունները, ովքեր սկսել են օգտվել գոտու ծառայություններից»,-նկատեց Տ. Դավթյանը' հույս հայտնելով, որ նման տեղեկատվություն կպատրաստվի սեզոնի ավարտին:

Գործարարների գրանցման online ռեժիմի վերաբերյալ նախարարը նշեց, որ արդեն կան գրանցված կազմակերպություններ, որոնց թիվն անցնում է 50-ը: «Սա դեռ գոհացուցիչ արդյունք համարել չի կարելի, իհարկե, սակայն հասկանալի է այս տեմպի պատճառը»,- նկատեց նա' մեկնաբանելով, որ մարդիկ նախընտրում են աշխատել այնպես, ինչպես սովոր են. վստահությունն էլեկտրոնային գործարքների նկատմամբ հայ հանրության շրջանում ցածր է: Նախարարը կատակելով մատնացույց արեց հայկական բնավորությունը, որի համաձայն' նույնիսկ բջջայիններից կարճ հաղորդագրություն ուղարկելու դեպքում մարդիկ զանգում են' պարզելու' հասել է արդյոք իրենց ուղարկածը: Պարզ է, որ խոշոր գործարքների պարագայում այս անվստահությունն անհամեմատ ավելի մեծ է: «Ժամանակ է հարկավոր նոր մեթոդների եւ հնարավորությունների նկատմամբ վստահություն ձեւավորելու համար»,- փաստեց Տ. Դավթյանը' ակնարկելով ձեռնարկությունների առցանց գրանցման, Էլեկտրոնային հաշվետվությունների փոխանցման, նոր տերմինալի հնարավորությունների օգտագործման հնարավորությունները: «Պետք է կարողանանք մեր ձեռնարկատերերին, շահառուներին ճիշտ ներկայացնել, թե ինչքան առումներով շահավետ են այս համակարգերը' թե' ժամանակ խնայելու, թե' էներգիա ու նյարդեր խնայելու տեսանկյունից»,- նկատեց նախարարը' վստահեցնելով, որ այս եղանակից մեկ անգամ օգտվողն այլեւս չի մտածի ավանդական մեթոդների ուղղությամբ:

Անդրանդառնալով հայաստանյան տնտեսության վերաբերյալ վերջին արձագանքներին' էկոնոմիկայի նախարարը նշեց, որ պետք չէ այդքան հետեւողական գտնվել ինչ-ինչ վարկանշային աղյուսակների նկատմամբ, այլ ավելի ուշադիր լինել երկրի ներսում ընթացող տնտեսական զարգացումներին, թիրախային քայլերին եւ հետեւել դրանց ազդեցություններին, մասնավորապես' բիզնես միջավայրում' արձանագրելով դրանց բարձր արդյունքները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում