Հ. Սահակյան. «ՀԱԿ-ի հետ երկխոսությունը քննարկումների հնարավորություն է, եւ ոչ բանակցությունների»
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իշխանություն- ՀԱԿ երկխոսությունը պետք է ստանա կայացած պետությանը համապատասխան ինստիտուցիոնալ բնույթ, այլ ոչ թե ունենա պատահական, փոխշահավետ գործարքի տեսք: Այս մասին այսօր կայացած բանավեճի ժամանակ նշեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Կարինե Հակոբյանը' հավելելով, որ ՀԱԿ-ը չի ներկայացնում ամբողջ արտախորհրդարանական ընդդիմությունը:
Ի պատասխան այդ պնդմանը' Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Հովհաննես Սահակյանն ընդգծեց, որ ՀԱԿ-ը ցույց է տվել երկխոսելու իր քաղաքական կամքը, իսկ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում նշել է ոչ թե կոնգրեսին' որպես միակ ընդդիմադիր, այլ շեշտել «արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներ» եզրույթը: «Դա ապացուցում է, որ Հանրապետական կուսակցությունը կոնգրեսին չի ընտրել որպես բացառիկ դեսպան արտախորհրդարանական ու խորհրդարանական ընդդիմության համար: Բոլոր այն ուժերը, ովքեր իրենց մեջ այնքան մեծ ներուժ կունենան, որ պատրաստ կլինեն իշխանությունների հետ կառուցողական բանակցությունների, կհրավիրվեն երկխոսության կլոր սեղանի շուրջ»,- ասաց նա:
«Ժառանգության» ներկայացուցիչ Կարինե Հակոբյանը, անդրադառնալով արտահերթ ընտրությունների հնարավորությանը, հավաստիացրեց, որ երկխոսությունը նման է նախնական պայմանավորվածությունների ձեռք բերման: Հերքելով այս պնդումը' հանրապետական Հ. Սահակյանը բացառեց նախնական պայմանավորվածություններն ու կոնգրեսի առավելությունների ապահովումը խորհրդարանական ընտրություններում: «Ո՞վ կարող է ասել, որ ընթանում են բանակցություններ ինչ-որ հստակ շահի համար: Երբեք Հանրապետական կուսակցությունը' որպես իշխանության մաս, չի բանակցի որեւէ ուժի հետ իշխանության հետագա տարաբաշխումների համար: Դրանք ոչ թե բանակցություններ են, այլ քննարկումներ: Հանձնախմբերը, որոնք ձեւավորվում են, նախատեսված են քննարկումների համար, ովքեր պետք է մեր երկրի խնդիրներին ընդունելի լուծումներ տան»,- ընգծեց Հ. Սահակյանը: