Տ. Դավթյան. «Սարքավորումների հավաքումը Հայաստանում իրականացնելը կնպաստի տնտեսության զարգացմանը»
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարբեր երկրների գյուղատնտեսական, մեքենաշինական արտադրանքի հավաքումը Հայաստանում իրականացնելը դրականորեն կազդի հանրապետությունում տնտեսության զարգացման վրա: Այս դիտարկմամբ այսօր Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում' լրագրողների հետ ճեպազրույցի ժանանակ, հանդես եկավ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը' փաստելով, որ նման նախնական պայմանավորվածություն Հայաստանն արդեն ձեռք է բերել ԱՊՀ անդամ երկրներից մի քանիսի հետ: Դա նշանակում է, որ պայմանավորվածություն ձեռք բերված երկրներից Հայաստան կբերվեն մեքենաշինության ամենատարբեր դետալներ, որոնցով հայաստանցի մասնագետները կպատրաստեն պատվիրված սարքավորումները:
«Կարծում եմ' շատ խոստումնալից ուղղություն է' թե' տրանսպորտային սխեմաների առումով եւ թե' ընդհանրապես տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից. շատ արդարացված է հավաքումն իրականացնել Հայաստանում»,-նկատեց նախարարը:
Նրա խոսքով' այս նախաձեռնության կյանքի կոչումը նաեւ նոր աշխատատեղերի հնարավորություն կընձեռի, ինչպես նաեւ կապահովի նոր տեխնոլոգիաների ներմուծում Հայաստան: «Դրա պահանջարկը մենք հիմա իսկապես զգում ենք ե'ւ գյուղատնտեսությունում, ե'ւ այլ ոլորտներում»,-փաստեց Տ. Դավթյանը:
Միջկառավարական մակարդակներով մի շարք աշխատանքներ են այժմ ընթանում այս ուղղությամբ: «Կարծում եմ' ճիշտ ուղղվածություն է ընտրված»,-շեշտեց նա' նախարարության եւ պետության անունից խոստանալով աջակցություն ցուցաբերել ինչպես ֆինանսական, այնպես էլ առաջխաղացման հնարավորոթյուններ ստեղծելու առումներով: