Հ. Բիշարյան. «Արտահերթ ընտրությունների մասին խոսելը որեւէ քաղաքական ուժի շահերից չի բխում»
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահերթ ընտրությունների անցկացման որեւէ հիմք չկա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը' անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե իշխանությունների հետ երկխոսելու միակ թեման արտահերթ ընտրություններն են:
«Հետաքրքիրն այն է, որ վերջին շրջանում, հետեւելով ընդդիմության հայտարարություններին ու նրանց մամուլում տեղ գտած հրապարակումներին, այդ ծայրահեղ մոտեցումները տեսանելի չեն»,- շեշտեց Հ.Բիշարյանը' հավելելով, որ ՀԱԿ-ը նույնպես գիտակցում է, որ իսկապես ժամանակ այլեւս չկա, եւ բոլոր քաղաքական ուժերը պետք է պատրաստվեն հերթական ընտրություններին. «Եվ այստեղ խոսել արտահերթի մասին որեւէ քաղաքական ուժի շահերից չի բխում' առավել եւս իրենց»:
Ինչ վերաբերում է հերթական ընտրություններին նախապատրաստվելուն, ապա հիշեցնելով, որ ՕԵԿ-ը 14-ամյա պատմություն ունեցող կուսակցություն է եւ երբեւէ ընտրությունների որեւէ ուժի հետ միասնական չի գնացել, պատգամավորը չբացառեց, որ եթե կոալիցիոն ուժերի եւ երկրի ռազմավարությունից դրդված որեւէ հարց առաջանա, որից ելնելով հնարավոր է առաջանա դաշինք, ապա ՕԵԿ-ը եւս կքննարկի այդ հարցը: