Մ. Հակոբյան. «Չկա ավելի պատվաբեր առաքելություն, քան սպա լինելը»
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չկա ավելի պատվաբեր առաքելություն, քան սպա լինելը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր անցկացված ՀՀ Զինված ուժերի երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ համաժողովի ժամանակ նման տեսակետ հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը' նշելով, որ մեծ է սպայի դերը Զինված ուժերի կայացման գործում: Մ. Հակոբյանը կարեւորեց սպաների մասնագիտական գիտելիքների եւ զինվորական վարպետության մակարդակի հարցը: Ըստ նրա' լուրջ լուրջ գործոն է նաեւ լավ ռազմական ուսումնական համակարգի առկայությունը:
Մ. Հակոբյանի խոսքով' պետք է լուրջ աշխատանք տանել երիտասարդ սպայի հետ հենց զորամաս մուտք գործելու պահից' նպաստելով նրա անհատականութան կայացմանը: Ըստ ԼՂՀ պաշտպանության նախարարի' պետք է քայլեր ձեռնարկել ծառայության նկատմամբ պատասխանատու վեաբերմունք ձեւավորելու ուղղությամբ:
Կրթական գործոնը կարեւորեց նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա' այսօր ամբողջ աշխարհում գիտելիքն է դառնում այս կամ այն ոլորտում բեկումնային զարգացումների հիմնական գրավականը: Լինի տնտեսություն, մշակույթ, քաղաքական համակարգ, թե գիտական հետազոտություն, որեւէ ուղղությամբ հնարավոր չէ հասնել բեկումնային հաջողության, եթե դրա տրամաբանության մեջ դրված չէ գիտելիքը:
«Գիտելիքը շատ արագ է ստեղծվում եւ օգտագործվում է հատկապես 21-րդ դարում: Դա նշանակում է, որ մենք պետք է կառուցենք այնպիսի կրթական համարկարգ, որ յուրաքանչյուր մարդ ողջ կյանքի ընթացքում ունենա հնարավորություն հարստացնելու իր գիտելիքների պաշարը: Ժամանակակից կրթական համակարգերը թելադրում են «մինչեւ կյաքի վերջ ուսուցում» պայմանը»,-ասաց Ա. Աշոտյանը: Նա գիտելիքի ստեղծման եւ փոխանցման գործում կարեւորեց տեղեկատվական տեխնոլոգիաները:
«Գիտելիքին զուգահեռ պետք է նոր սերնդին փոխանցվեն նաեւ արժեքներ: Մենք պետք է դաստիարակենք եւ կյանք ճանապարհենք ոչ միայն ուսյալ եւ խելացի մարդկանց շարան, այլեւ մարդկանց, ովքեր հայրենասեր են, իրենց մեջ կրում են ավանդական արժեհամակարգ»,-ավելացրեց նախարարը:
ՀՀ պաշտպանությունն ու կրթությունը դիտվում են որպես անվտանգության համակարգերի արտաքին եւ ներքին կարեւորագույն բաղադիրչներ: Ըստ Ա. Աշոտյանի' ՀՀ պաշտպանության ու կրթության եւ գիտության նախարարությունների միջեւ տարիներ շարունակ ծավալված համագործակցությունը ստանում է նոր որակ, նոր դրսեւորումներ' նպատակ ունենալով խորացնել այն օրգանական կենսական կապը, որ կա այս երկու համակարգերի միջեւ: