Գ. Չեկուոլիս. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը բանակցությունների ձեւաչափի հարց չէ, այլ քաղաքական կամքի»
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքի, հնարավոր զարգացումների եւ վերջին տարվա ընթացքում գործընթացի վրա ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության ունեցած ազդեցության մասին «Արմենպրես»-ին բացառիկ հարցազրույց է տվել ԵԱՀԿ գործող նախագահի` ձգձգված հակամարտությունների գծով անձնական ներկայացուցիչ, դեսպան Գեդրիուս Չեկուոլիսը:
- Պարո’ն դեսպան, ինչպե՞ս եք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլը:
- Իմ կարծիքով` Կազանի հանդիպման ընթացքում առաջընթաց է արձանագրվել այն առումով, որ կողմերը հաստատել են` կշարունակեն կարգավորման շուրջ բանակցությունները: Ես լիովին աջակցում եմ Մինսկի խմբի համանախագահների այն հայտարարությանը, որով նրանք կոչ էին անում կողմերին օգտագործելու այս նպաստավոր պահը` հասնելու համար Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության որքան հնարավոր է շուտ:
- Ձեր կարծիքով, բանակցություններն արդյունավե՞տ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով:
-Ինչպես տարածաշրջան կատարած իր այցի ընթացքում եւ բազմաթիվ հայտարարություններում կարեւորել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը, ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահությունը լիովին աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, պատրաստակամ է օգնելու կողմերին հակամարտության լուծման գործում` համաձայնեցված ձեւաչափով:
Կարգավորման գործընթացը, որն առաջնորդում են Մինսկի խմբի համանախագահները, օգնել է պահպանելու երկխոսությունը եւ տարիների ընթացքում նվազեցնելու լարվածության աճի ռիսկը: Վերջիվերջո, սա բանակցությունների ձեւաչափի հարց չէ, այլ քաղաքական կամքի: Ընդգրկուն կարգավորումը կախված է հենց սրանից:
- Կազանյան հանդիպման հաջորդ օրը Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւը եւս մեկ անգամ սպառնաց Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին պատերազմով: Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ են նման տիպի հայտարարություններն իրականում տանել պատերազմի:
- Կողմերը խոստացել են ձեռնպահ մնալ ուժի սպառնալիքի կիրառումից, եւ ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահությունը կոչ է անում կողմերին հետեւելու իրենց խոստումներին: Մենք պետք է վստահություն կառուցենք, եթե ցանկանում ենք առաջընթաց արձանագրել ընդգրկուն խաղաղության համաձայնագրին հասնելու ուղղությամբ: Ուժի ցանկացած սպառնալիք հստակորեն դեմ է այս նպատակին:
- Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն խուսափելու համար նման հայտարարություններից եւ բանակցային գործընթացի վրա դրանց բացասական ազդեցությունից:
- Մենք բոլորս գիտենք եւ բոլորս համաձայնել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Ինչպես մենք կարեւորել ենք բազմաթիվ անգամներ, կողմերը պետք է ամրապնդեն հրադադարի ռեժիմը եւ գործի դնեն հետագա վստահության կառուցման միջոցներ, որոնք պետք է ներառեն նաեւ քաղաքացիական հասարակությունները: Այս հարցը ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել է մարտին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ իր հանդիպումների ընթացքում, ավելին` ղեկավարները պետք է հետեւեն իրենց համաձայնությանը` հետաքննելու շփման գծում հնարավոր միջադեպերը, հետ քաշեն դիպուկահարներին եւ ձեռնպահ մնան ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումից:
-ՄԽ համանախագահները հայտարարել էին, որ եթե Կազանում նշանակալի առաջընթաց չգրանցվի, իրենք հանդես կգան նոր առաջարկություններով: Ըստ Ձեզ, ինչի՞ն կարող են վերաբերել այդ առաջարկները;
- Այս հարցը Դուք պետք է ուղղեիք համանախագահներին: Ես կարող եմ միայն ասել, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել ցանկացած ջանքերի, որոնք կնախաձեռնվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, այդ թվում` հակամարտության գծով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջոցով կամ եռակողմ մակարդակում` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների ընթացքում` վերջ դնելու համար հակամարտությանը եւ անկայությանը` հօգուտ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների:
Հարցազրույցը` Արմեն Ղազարյանի