Հարցազրույց

Շ. Շահինյան. «Այն ռեկտորը, որը կպահպանի Կոնսերվատորիայի ավանդույթները, կկարողանա ղեկավարել հաստատությունը»

3 րոպեի ընթերցում

Շ. Շահինյան. «Այն ռեկտորը, որը կպահպանի Կոնսերվատորիայի ավանդույթները, կկարողանա ղեկավարել հաստատությունը»

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան առանձնանում է յուրօրինակ ավանդույթներով, ինչն էլ դարձել է բուհի այցեքարտը: Ավանդույթների պահպանմանն ուղղված քայլերի, ինչպես նաեւ առկա խնդիրների մասին «Արմենպրես»-ը զրույցեց Կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Շահեն Շահինյանի հետ:

- Պարո'ն Շահինյան, բուհն առանձնանում է իր ավանդույթներով. ռեկտորի փոփոխությունը, ըստ Ձեզ, չի՞ սպառնում դրանց:

- Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ունի խոր արմատներ, ավանդույթներ, եւ այն ռեկտորը, որը կկարողանա դրանք պահպանել, կկարողանա ղեկավարել հաստատությունը, իսկ հակառակ դեպքում' ոչ: Կոնսերվատորիայի ավանդույթներից է ուսումնական գործընթացի յուրահատկությունը, ուսանողների հետ տարվող անհատական աշխատանքը, դասախոսների որակավորումը եւ այլն, եւ այլն: Սա արվեստի բուհ է, եւ ես շատ եմ կարեւորում ուսանողների ու դասախոսների միջեւ անհատական շփումները, որը պետք է ապահովի կազմակերպության առաջին դեմքը' ռեկտորը:

- Ռեկտոր ընտրվելու դեպքում ի՞նչը կցանկանայիք փոխել առաջին հերթին: Ի՞նչ խնդիրներ ունի այսօր Կոնսերվատորիան:

- Կոնսերվատորիայի համար առաջին խնդիրը աշխատավարձն է: Եթե մեր պրոֆեսորները, որոնց միջին աշխատավարձը 50 հազար դրամ է, միաժամանակ չաշխատեին մի քանի տեղերում, չէին կարողանա գոյատեւել: Այդ հարցը պետք է լուծվի: Պետք է մտածենք մեխանիզմներ, որոնց շնորհիվ աշխատողը կվարձատրվի ըստ արժանվույն, իսկ չաշխատողը չի լինի կառույցում:

- Իսկ այդ խնդրի հետ կապված ինչպիսի՞ լուծումներ եք տեսնում:

- Ես, իհարկե, ֆինանսիստ չեմ, բայց եթե կազմակերպության ղեկավարը մտածի կառույցի ֆինանսների մասին այնպես, ինչպես իր ընտանիքի ֆինանսների, ապա վստահ եմ, որ բավականին միջոցներ կգտնվեն, եւ աշխատակիցների կեցությունը' աշխատավարձերի տեսքով, կբարելավվի:

- Պարո'ն Շահինյան, Կոնսերվատորիայի ուսանողները միշտ էլ առանձնացել են միջազգային մրցույթներում իրենց մասնակցությամբ: Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Կոնսերվատորիան, որպեսզի խրախուսի նրանց աշխատանքը:

- Մենք հատուկ վերաբերմունք ունենք այն ուսանողների նկատմամբ, ովքեր լայն համերգային գործունեություն են ծավալում կամ մասնակցում են միջազգային մրցույթների: Մեր ամենաբարձր կրեդիտն այն է, որ մեր ուսանողները դառնում են դափնեկիրներ: Մեր շրջանավարտները միշտ իրենց տեղը գտնում են:

- Ինչպիսի՞ն է Կոնսերվատորիայի նյութատեխնիկական բազան: Կա՞ արդյոք համալրման կարիք:

- Այսօր երաժշտական գործիքները շատ թանկ են եւ հաճախ հասու չեն ուսանողներին: Այս իսկ պատճառով շատ լավ կլիներ, որ մեր նյութատեխնիկական բազան համալրվեր: Դաշնամուրների վիճակը լավ է. նախորդ տարի ճապոնական դրամաշնորհ շահեցինք եւ 18 նոր ռոյալներ ստացանք: Սակայն կա փողային գործիքների հետ կապված խնդիր, որը սպառնում է նաեւ Հայաստանի մյուս նվագախմբերին:

Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում