Կ. Բեքարյան. «ԼՂ հակամարտության հարցում ազդեցություն ունի Թուրքիայի ապակառուցողականությունը»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ճանապարհին ազդեցություն է ունենում Թուրքիայի ապակառուցողական դերը: Այսօր Երեւան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը' հավելելով, որ դա ազդում է Ադրբեջանի պահվածքի վրա:
«Թուրքիան այս հարցում իր հետաքրքրություններն ու շահերն ունի, որոնց մեջ սակայն չի մտնում ԼՂ հարցի կարգավորումը: Թուրքիան հետաքրքրված չէ, որ գտնվեն հարցի լուծման ճանապարհներ եւ եղանակներ»,- շեշտեց քաղաքագետը' հավելելով, որ Թուրքիայի ցանկացած հայտարարություն բերում է նրան, որ Ադրբեջանը դառնում է առավել կոշտ եւ բանակցային գործընթացում' առավել անհանդուրժող: Ըստ նրա' սա տարեցտարի ակնհայտ է դառնում, եւ միջազգային հանրությունը կարծես թե այնքան էլ մեծ ուշադրություն չի դարձնում այս հանգամանքին: