Փաստ մեկնաբանությամբ

Հունիսի 29-ը Հայաստանում եւ Արցախում հիշատակվում է որպես անհայտ կորած ազատամարտիկի օր

5 րոպեի ընթերցում

Հունիսի 29-ը Հայաստանում եւ Արցախում հիշատակվում է որպես անհայտ կորած ազատամարտիկի օր

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւՆԻՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 29-ը Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հիշատակվում է որպես անհայտ կորած ազատամարտկի օր: Հայկական երկու պետություններում էլ ծրագրված են հիշատակի արարողություններ: ՀՀ պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը, ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհուրդը, Արցախյան պատերազմի վետերանները եւ ՀԿ-ների ներկայացուցիչները կայցելեն Երեւանի «Եռաբլուր» զինվորական պանթեոն, տեղի կունենա պսակադրության արարողություն: Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրի զոհված ազատամարտիկների հիշատակի խաչքարի մոտ Արցախի պետական այրերը հարգանքի տուրք կմատուցեն:

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի տվյալներով' արցախյան պատերազմի տարիներից Լեռնային Ղարաբաղում անհայտ կորած է համարվում մոտ 700 մարդ, այդ թվում' 237 ազատամարտիկ: Հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանն «Արմենպրես»-ին ասաց, որ այդ թիվը ճշտվում է, քանի որ պետք է պարզել նաեւ, թե քանի մարդ է անհայտ կորել Շահումյանի շրջանից: Ըստ նրա' հանձնաժողովի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տվյալները տարբերվում են միմյանից եւ չեն արտացոլում իրականությունը: Ներկայումս աշխատանքներ են կատարվում' հայտնաբերելու, թե քանի մարդ է անհայտ կորել Շահումյանի շրջանից, սակայն, դա, Վ.Քոչարյանի խոսքերով, հեշտ գործ չէ, քանի որ Շահումյանից մարդիկ տեղահանվել են եւ ցրվել ԱՊՀ երկրներով:

«Շահումյան-Գետաշեն» հայրենակցական միության նախագահ Էդիկ Բալայանից տեղեկացանք, որ տարբեր աղբյուրներ միայն Շահումյանի շրջանից հիշատակում են 400 անհայտ կորածների մասին: Նրանց թվում եւ խաղաղ բնակիչներ են, եւ ազատամարտիկներ:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի' Հայաստանի գրասենյակի մամուլի պատասխանատու Աշոտ Աստաբացյանը, ԿԽՄԿ տվյալներով' ԼՂ հակամարտության հետեւանքով Հայաստանից անհայտ կորած է համարվում 407, Լեռնային Ղարաբաղից' 449 անձ: ԼՂ հակամարտության տարածաշրջանում գործելով 1992թ-ից' կոմիտեն օգնել է հակամարտության հետեւանքով գերի ընկած անձանց հայրենադարձման կամ տեղափոխման գործընթացին: Անհայտ կորած անձի հարազատները դիմում են կոմիտեին, բացվում է նրանց որոնման հայտ եւ սկսվում գործընթացը:

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության հավաքագրած տվյալներով' արցախյան պատերազմի տարիներից անհայտ կորած է համարվում մոտ 960-970 մարդ: Ընդ որում, ՀԿ-ի գործադիր տնօրեն, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լարիսա Ալավերդյանի խոսքերով, մոտ 500 խաղաղ բնակիչ անհայտ կորել է 1992թ. ողբերգական օրերին Շահումյանից եւ Մարտակերտից: Կազմակերպությունը յուրաքանչյուրի համար անձնական քարտ ունի' բոլոր մանրամասներով, գտնվելու ենթադրյալ վայրով: Կազմակերպության ուժերով ստեղծվել են անհայտ կորածների առաջին ցուցակները, կատարվել մեմածավալ որոնման աշխատանքներ, որոնց արդյունքում ՀԿ-ն նպաստել է ավելի քան 2000 հայ մարդու վերադարձին հայրենիք:

Անհայտ կորածների թվում ինչպես Հայաստանի եւ Ղարաբաղի, այնպես էլ այլ երկրների քաղաքացիներ կան: Լարիսա Ալավերդյանը նշեց, որ ադրբեջանցիները չհիմնավորված ցուցակներ են ներկայացնում անհայտ կորած անձանց վերաբերյալ' անհարկի շահարկելով եւ քաղաքականացնելով հարցը, որն իրականում հումանիտար իրավունքի հարթության մեջ պետք է դիտարկել: Կազմակերպությունը նպաստել է նաեւ մեծ թվով ադրբեջանցիների վերադարձին: «Օգնել ենք վերադառնալու անձանց, ում հենց իրենք լքել էին մարտական գործողությունների դաշտում: Արցախյան կողմը ոչ միայն պատսպարել ու սնել է նրանց' չառանձնացնելով Մարտակերտի ու Շահումյանի փախստականներից, այլ նաեւ օգնել վերադառնալ: Այնինչ' ադրբեջանական կողմը անհարկի շահարկում է հարցը, ապատեղեկացնում միջազգային հանրությանը, որը նաեւ խնդրի թերի լուսաբանմամբ է պայմանավորված»,-նշեց ԱԺ պատգամավորը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում