Ս. Դեմիրճյան. «Ղարաբաղյան կողմը պետք է դառնա բանակցային գործընթացի մասնակից»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղյան կողմը պետք է դառնա բանակցային գործընթացի մասնակից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը' հավելելով, որ ղարաբաղյան կողմի մասնակցության ձեւաչափը ողջունելի է իրենց կուսակցության կողմից: Ըստ ՀԺԿ առաջնորդի' առաջիկայում հայկական դիվանագիտության ամբողջ ջանքերը պետք է ուղղվեն նրան, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դառնա բանակցային կողմի լիարժեք մասնակից:
Անդրադառնալով կազանյան հանդիպմանը' Ս. Դեմիրճյանը նշեց, որ դեռեւս 2 ամիս առաջ ինքը կանխատեսում էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանն արմատական փոփոխություններ չեն գրանցվի: ՀԺԿ նախագահի կարծիքով' դա չի նշանակում, որ ճնշումները վերանալու են: Ըստ նրա' չի բացառվում, որ կարճատեւ դադարից հետո, միջազգային հանրության կողմից ճնշումներն ուժեղանան:
«Շատ է խոսվում բանակցային գործընթացի ձեւաչափի փոփոխության մասին: Չեմ կարծում, որ դա տեղի կունենա, ինպես նաեւ, որ մադրիդյան սկզբունքները կփոխվեն այլ մոտեցումներով»,-ասաց Ս. Դեմիրճյանը: