Ըստ Ս. Գրիգորյանի` խորհրդարանական ընտրություններում կհաղթեն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում առավելության հասնելու հավակնորդները Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն են, պայքարը հիմնականում ծավալվելու է նրանց միջեւ: Այսօր հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Վերջինս իշխանության եւ ընդդիմության' Հայ ազգային կոնգրեսի միջեւ լուրջ պայքար չի ակնկալում: «Իհարկե, ինչ- որ կերպ պայքար կծավալվի, սակայն նորմալ մրցակցությունը կընթանա ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, քանի որ վերջիններս ունեն շատ ավելի մեծ ընտրազանգված»,- ասաց նա:
Ս. Գրիգորյանի կարծիքով' խորհրդարան անցնելու հնարավորություն ունեն նաեւ «Ժառանգություն»-ն ու ՀՅԴ-ն, սակայն ոչ մեծ թվով տեղերի: Քաղաքագետը, միաժամանակ, անհավանական է համարում «Օրինաց Երկրի»-ի' խորհրդարանում հայտնվելու հնարավորությունը: