Հարցազրույց

Ս. Սարգսյան. «Ես միանշանակ դեմ եմ միակողմանի կարգով զիջումներին»

5 րոպեի ընթերցում

Ս. Սարգսյան. «Ես միանշանակ դեմ եմ միակողմանի կարգով զիջումներին»

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգ կատարած այցի ավարտին հարցազրւյց է տվել «Euronews» հեռուստաընկերության լրագրող Մարիա Պինեյրային: «Արմենպրես»-ը ներկայացնում է նախագահի հարցազրույցն ամբողջությամբ:

- Պարո'ն նախագահ, վերջին մի քանի օրերի ընթացքում հայաստանյան որոշ պետական մարմիններ լավատեսություն են արտահայտել Կազանի հանդիպման առնչությամբ: Արդյո՞ք սա նշանակում է, որ Դուք պատրաստ եք ինչ-որ զիջումներ անել, նույնիսկ եթե, ինչպես Դուք ասացիք Եվրոպայի խորհրդում Ձեր ելույթի ընթացքում, դա Ձեզ համար կնշանակի շատ դժվարին որոշում կայացնել:

- Լավատեսությունը լավ որակ է, սակայն անձամբ ես նախընտրում եմ լինել կառուցողական: Եվ պետք է ասեմ, որ իմ ակնկալիքները մեծ չեն: Դուք խոսեցիք զիջումների մասին, բայց ես միանշանակ դեմ եմ միակողմանի կարգով զիջումներին: Մեզ հետարքրում են փոխզիջումները: Իսկ մեր իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ մենք պետք է զիջումներ անենք մի պետության, ժողովրդի, որը միայն ու միայն սպասում է հարմար առիթի, որ մեզ վրա կրակ բացի: Ինչպես նշեցի ԵԽԽՎ-ում ունեցած ելույթում, ԵԽ այլատյացության դեմ պայքարի կոմիտեն վերջերս իր զեկույցում ընդգծեց, որ Ադրբեջանում չափազանց զարգացած է հայատյացությունը, ինչն անհնար է ասել Հայաստանի դեպքում: Այսինքն' հայատյացությանը պետք է վերջ տալ: Մենք պետք է փոխադարձ վստահության հիմքեր դնենք:

- Դուք ասացիք, որ առանց Լեռնային Ղարաբաղին ինքնորոշման իրավունք տրամադրելու, անհնար է խաղաղության պայմանագիրը մշակել: Բայց Ադրբեջանն այդ պայմանը չի ուզում ընդունել: Ինչպե՞ս եք պատկերացնում հակամարտության լուծումը:

- Եթե Ադրբեջանը չի համաձայնում ինքնորոշման գաղափարի հետ, ապա այդ երկրի իշխանություններն ինչպե՞ս կարող են ասել, որ բանակցությունների շարունակման, լուծումներ գտնելու համար մտադիր են հիմնվել մադրիդյան սկզբունքների վրա: Հիշեցնեմ, որ այդ փաստաթուղթը ենթադրում է երեք պայմանների իրականացում' ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունք: Իսկ այդ սկզբունքների հիմքում միայն հայկական կողմի առաջարկները չեն... Այսպիսով' արդյո՞ք տարօրինակ չի թվում Ձեզ, որ Ադրբեջանը տարիներ շարունակ բանակցում է մի փաստաթղթի շուրջ, որի կետերից մեկը չի ընդունում:

- Բայց եթե Ձեզ համար Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի դրույթը անկյունաքարերից մեկն է, իսկ Ադրբեջանը չի ընդունում, կնշանակի, որ Կազանում կայանալիք հանդիպումից առաջընթաց, համաձայնություն ակնկալել չարժի:

-Այդ դեպքում Ադրբեջանը պետք է ուղղակի հայտարարի, որ դեմ է Մադրիդյան համաձայնագրի դրույթներից երկուսին կամ առնվազն մեկին: Կամ էլ' միջազգային հանրությունը պետք է հայտարարի, որ չի ճանաչում ինքնորոշման իրավունքը: Այդ դեպքում վերջին տասնամյակների ողջ ջանքերը հօդս կցնդեն: Եվ հետո' եթե ինքնորոշման իրավունքը չի ճանաչվում, ապա ինչպե՞ս բացատրել տասնյակ պետությունների առաջ գալը, նրանց ինքնորոշումը: Ինչպե՞ս բացատրել բառացիորեն վերջերս Կոսովոյի անկախության ճանաչումը: Ես նաեւ ցանկանում եմ հիշեցնել, որ Ադրբեջանում գերազանցապես հայերով բնակեցված նաեւ մեկ այլ տարածաշրջան կար' Նախիջեւանը, սակայն խորհրդային շրջանում եւ դրանից անմիջապես հետո այդ ինքնավարությունը հայազրկվեց, եւ այսօր այնտեղ գործնականում ոչ մի հայ չկա:

- Մեծ ութնյակի վերջին հանդիպման ժամանակ Դովիլում ԱՄՆ, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահները հայտարարեցին հիմնախնդրի լուծում գտնել «առանց հապաղման»: Չե՞ք կարծում, որ հաշվի առնելով, թե քանի տարի է տեւում այս փակուղային իրավիճակը, միջազգային միջնորդները մի փոքր հոգնել են: Մինսկի խմբի ներկայացուցիչները վերջերս նկատել էին, որ Կազանում կայանալիք հանդիպումը համաձայնության հասնելու «վերջին հնարավորությունն է»: Այն իսկապե՞ս վերջին հնարավորությունն է...

- Ո'չ, չեմ կարծում, որ միջազգային հանրությունը հոգնել է: Նրանք Հայաստանից, Ղարաբաղից ու Ադրբեջանից հստակ ու վերջնական պատասխան են պահանջում: Նրանք ուզում են հասկանալ' արդյոք շահագրգիռ կողմերը պատրաստ են լուծում գտնել' հիմնվելով վերը նշված սկզբունքների վրա: Նրանք մեզ ասում են' վերջապես ասացեք' «այո» կամ «ոչ», այլեւս մի' հապաղեք: Մենք հույս ունենք, որ պատասխանը կտրվի Կազանի հանդիպման ընթացքում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում