Է. Շարմազանով. «Ողջ աշխարհում սկսվել է ինքնորոշման իրավունքի արշավ»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 21-րդ դարում ողջ աշխարհում սկսվել է ինքնորոշման իրավունքի արշավ: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատասխանելով Պաղեստինի անկախության միջազգային ճանաչման վերաբերյալ հարցին` այս մասին նշեց ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նա միաժամանակ վստահություն հայտնեց, որ վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղը եւս պետք է գնա այդ ճանապարհով:
Երեկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է պաղեստինյան «Ֆաթհ» շարժման միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար, նախկին ԱԳ նախարար Նաբիլ Շաասին: Վերջինս ներկայացրել է այս տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Պաղեստինի անկախության ճանաչման վերաբերյալ նախատեսվող քվեարկությանն ընդառաջ տեղի ունեցող գործընթացները, նաեւ շնորհակալություն հայտնել միջազգային կազմակերպություններում մերձավորարեւելյան խնդրի կարգավորմանը վերաբերող հարցերում Հայաստանի մշտապես հավասարակշռված դիրքորոշման համար:
Պաղեստինյան պատվիրակությունը Հայաստանի աջակցությունն է հայցել Պաղեստինի անկախության հռչակման գործընթացում: