Կարծիքներ

Գ. Մինասյան. «Կազանում հեղափոխական փոփոխություն չի լինի»

2 րոպեի ընթերցում

Գ. Մինասյան. «Կազանում հեղափոխական փոփոխություն չի լինի»

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպումից հետո հեղափոխական փոփոխություն չի կարելի ակնկալել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը' հավելելով, որ նման բարդ հակամարտությունների պարագայում քննարկումները քայլ առ քայլ մոտեցնում են այն իրավիճակին, որը վերջում արձանագրվում է, եւ «նախորդ հանդիպումների արդյունքները հանգեցրել են ներկայիս իրավիճակին»: «Չեմ կարծում, որ հիմնարար սկզբունքները կստորագրվեն. այժմ ամբողջ աշխատանքը կատարվում է դրանց վերջնական հաստատման ուղղությամբ»,- ընդգծեց պատգամավորը:

Նրա խոսքով' հստակ պատկերացնելու համար, թե ինչով է առանձնանալու նախագահների կազանյան հանդիպումը, լավ կլինի անդրադառնալ այն բոլոր հայտարարություններին ու փաստաթղթերին, որոնք արձանագրվել են հանդիպումից առաջ: «Դրանք հիմնականում երկուսն են' ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների դովիլյան հայտարարությունը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հարցազրույցը: Այս երկու փաստաթղթերը հուշում են այն մասին, որ համանախագահող երկրների վերաբերմունքը կարծես թե փոխվել է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի հանդեպ: Ա. Կասպրչիկի հայտարարության մեջ մի հետաքրքրիր դիտարկում կա. հարցազրույցը բացարձակապես չմեկնաբանվեց ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցներում: Պատճառն ակնհայտ է, քանի որ հարցազրույցում ուղղակիորեն նշված են հիմնարար սկզբունքների շուրջ մանրամասներ»,- շեշտեց Գ. Մինասյանը:

Ըստ նրա' հնարավոր չի լինի իրականացնել մեծ համաձայնագրի մշակումը եւ կնքումը' առանց Արցախի մասնակցության: Գ. Մինասյանի խոսքով' միջազգային հանրությունն արդեն հակվել է այն դիրքորոշմանը, որ բանակցային գործընթացի այս փուլում անհրաժեշտ է Արցախի մասնակցությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում