Ա. Պողոսյան. «Մշակույթի նախարարության բոլոր միջոցառումները ներծծված են գրքով, գրքի հանրահռչակմամբ ու քարոզով»
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 23-ը հայ գրքի միջազգային օրն է: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ուշադրությունն այժմ ամբողջությամբ սեւեռված է հայ գրքի հանրահռչակմանն ու տարածմանը: Առկա խնդիրների եւ առաջիկա ծրագրերի մասին «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի հետ:
-Պարո’ն Պողոսյան, 2012 թվականը չափազանց մեծ նշանակություն կունենա հայ մշակույթի զարգացման համար` հաշվի առնելով Երեւանը համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելը, ինչպես նաեւ Գրատպության 500-ամյակը: Նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում հայ գիրքը հավուր պատշաճի ներկայացնելու ուղղությամբ:
-Այժմ նախարարության կողմից իրականացվող բոլոր միջոցառումները ներծծված են գրքով, գրքի հանրահռչակումով եւ քարոզով: Մեր բոլոր միջոցառումները, քաղաքական թիրախները հիմնված են գրքի վրա: Մենք հաջորդ տարի ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ Հայաստանը ոչ միայն քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիրն է, այլեւ տպագիր գրքի մեծ պատմություն ունի: Գիրքը քարոզելու նպատակով այսօր բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում ինչպես Երեւանում, այնպես էլ ՀՀ մարզերում:
-Որքանո՞վ եք կարեւորում Հայաստանի մասնակցությունը գրքի համաշխարհային ցուցահանդեսներին եւ տոնավաճառներին:
-Չափազանց կարեւորում եմ նմանատիպ նախաձեռնություններին հայաստանյան կողմի մասնակցությունը, քանի որ դա հնարավորություն է տալիս համայն աշխարհին եւս մեկ անգամ ներկայացնելու հայկական մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները:
-Ըստ Ձեզ` ինչպիսի՞ն է հայ գրքի տպագրության որակը: Այն Ձեզ գոհացնո՞ւմ է:
-Պետք է չափազանց մեծ ուշադրություն դարձնել Հայաստանում տպագրվող գրքերի որակին: Մասնավորապես` ինձ չի գոհացնում գրքերի ձեւավորման հարցը, որովհետեւ այսօր գրքերը պետք է ունենան նոր մշակութային մտածելակերպ, մարդկանց ներկայանան այլ կերպ, եւ այդ իմաստով չի կարելի այդ երեւույթի կողքով անտարբեր անցնել: Այդ իսկ պատճառով մենք մեծացրել ենք գրքի տպագրության պետական պատվերը եւ աջակցության ծրագրեր ենք իրականացնում:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում հայաստանյան գրադարանների ներկայիս վիճակը:
-Ուրախությամբ պետք է արձանագրել, որ հայաստանյան գրեթե բոլոր գրադարանների վերանորոգման ծրագիրը շուտով կավարտվի: Մնում է վերանորոգել չորս գրադարան, եւ ցանցը կամբողջանա: Իսկ ահա Հայաստանի ազգային գրադարանի եւ Երեւանի Խնկո-Ապոր անվան մանկապատանեկան գրադարանների վերանորոգման գործընթացներն անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում է:
Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի