Ա. Մարգարով. «Կազանում կողմերը հերթական անգամ իրենց պատրաստակամությունը կհայտնեն բանակցային գործընթացը շարունակելու առումով»
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կազանում կողմերը հերթական անգամ իրենց պատրաստակամությունը կհայտնեն բանակցային գործընթացը շարունակելու առումով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարգարովը' ավելացնելով, որ երկրորդ հավանական սցենարն այն է, որ ընդունվի մեկ այլ փաստաթուղթ, որտեղ ներկայացված են լինելու որոշակի դրույթներ, որոնք հիմք են ծառայելու բանակցային գործընթացը շարունակելու համար: «Այսինքն' բացի դովիլյան հայտարարությունից եւ այլ փաստաթղթերից, լինելու է նաեւ կողմերի պատրաստակամությունը' հետեւել մի շարք այլ սկզբունքների»,- նշեց քաղաքագետը:
Ըստ փորձագետ Անդրեաս Ղուկասյանի' Կազանում կայանալիք հանդիպմանը կորոշվի' շարունակվելո՞ւ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, թե՞ ոչ: «Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չստորագրի այն, ինչ այսօրվա դրությամբ դրված է բանակցային սեղանին, ապա ձեւաչափը, որպես այդպիսին, փոփոխվելու է: ԵԱՀԿ-ն չի կարող սպասել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարգավորեն իրենց խնդիրները: Մենք համաձայն ենք սեղանին դրված սկզբունքներին, մինչդեռ Ադրբեջանը դեռեւս չի կողմնորոշվել: Այնպես որ, այդ երկիրը, գնահատելով բոլոր կողմերը, այս մի քանի օրվա ընթացքում պետք է կողմնորոշվի եւ գա ընդհանուր եզրակացության»,- ասաց Ա. Ղուկասյանը: