Կարծիքներ

Գ. Այվազյան. «ԼՂ հարցի հայանպաստ լուծումը սերտորեն կապված է ադրբեջանահայ փախստականների հիմնախնդրի արդարացի լուծման հետ»

3 րոպեի ընթերցում

Գ. Այվազյան. «ԼՂ հարցի հայանպաստ լուծումը սերտորեն կապված է ադրբեջանահայ փախստականների հիմնախնդրի արդարացի լուծման հետ»

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1988-1990թ-ին Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունների հետեւանքով մոտ 1 մլն ադրբեջանահայեր սփռվել են ամբողջ աշխարհով մեկ: Ինչպես այսօր' Փախստականների միջազգային օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը, ադրբեջանահայ փախստականների հիմնախնդրի վերջնական լուծումը սերտորեն կապված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծման հետ եւ հակամարտության կարգավորման ընդհանուր փաթեթի բաղկացուցիչ եւ անբաժանելի մասն է կազմում: «Իր հերթին ԼՂ հարցի հայանպաստ լուծումը սերտորեն կապված է ադրբեջանահայ փախստականների ճակատագրի ճիշտ ներկայացման ու մեկնաբանման եւ այդ հիմնախնդրի արդարացի լուծման հետ»,- ընդգծեց Գ. Այվազյանը:

Նրա խոսքով' Փախստականների միջազգային օրը' Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կազանյան հանդիպման նախաշեմին, ավելորդ չէ եւս մեկ անգամ հիշեցնել համաշխարհային հանրությանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին, որ Հայաստանի բնակչության ավելի քան 10 տոկոսը փախստականներ են, եւ այդ ցուցանիշով Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում առաջին տեղն է գրավում: «Վերջին ժամանակահատվածում փախստականների հիմնախնդրի վերջնական լուծման բավականաչափ հետաքրքիր տարբերակներն են նշմարվում: Օրինակ' ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները տարբեր հայտարարություններում այն միտքն են զարգացնում, որ փախստականների հիմնախնդիրը պետք է վերջնական լուծում ստանա այդ մարդկանց նախկին բնակավայրեր վերադառնալու ճանապարհով: Դա նշանակում է, որ համանախագահողները երաշխավորում են այն փախստականների անվտանգությունը, ովքեր կցանկանան վերադառնալ նախկին բնակավայրեր: Դա առաջին հերթին վերաբերում է ադրբեջանահայ փախստականներին»,- ասաց ադրբեջանագետը:

Նա նշեց, որ Գյումրիում հունիսի 8-ին կայացած համաժողովի ընթացքում Ադրբեջանահայ վտարանդի համայնքը եւ Հայաստանի այլ հայրենասիրական ուժեր ընդունել են հռչակագիր' կոչ անելով Ադրբեջանի մյուս ստրկացված բնիկ ժողովուրդներին' լեզգիներին, թալիշներին եւ այլոց, համատեղել ջանքերը եւ միասնաբար պայքարել ընդհանուր թշնամու դեմ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում