Դ. Բաբայան. «Խաղաղապահները կարող են տեղակայվել միայն ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների երկայնքով»
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է նախապայմանների լուծման պարագայում միայն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի եւ տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը' անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, ըստ որի' արդեն իսկ որոշում է կայացվել, թե որ երկրները չեն կարող խաղաղապահ առաքելություն իրականացնել ԼՂ հակամարտության գոտում:
«Որպես գաղափար' խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ մենք ընդգծված բացասական դիրքորոշում չունենք: Եթե պետք լինի, ապա թող տեղակայվեն նրանք, սակայն այս հարցում առկա են մի շարք նախապայմաններ, առանց որոնց լուծման' հնարավոր չի լինի խոսել նման սցենարի մասին»,- ասաց Դ. Բաբայանը:
Ըստ նրա' խաղաղապահ ուժերի տեղակայումից առաջ նախ պետք է ԼՂ հակամարտությունը կարգավորվի համապարփակ կերպով: «Ադրբեջանի եւ Արցախի միջեւ որեւէ չլուծված հարց չպետք է լինի' խաղաղապահների տեղակայումից առաջ: Ադրբեջանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը, մենք էլ' Ադրբեջանինը: Այսինքն' երկու պետությունների պետական սահմանները պետք է ճշգրտվեն միջազգայնորեն, խնդրի կարգավորման բոլոր հարցերը լուծված լինեն, որից հետո նոր կարող է խոսք գնալ խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ, այն էլ' Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի միջազգայնորեն ճանաչված սահմանների երկայնքով»,- ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի եւ տեղեկատվության գլխավոր վարչության պետը:
Միաժամանակ, նրա կարծիքով, խաղաղապահների տեղակայումը խորհրդանշական քայլ է, որոնց տեղակայմամբ միջազգային հանրությունը կարող է իր ստորագրությունը դնել ԼՂ խնդրի կարգավորման խաղաղության պայմանագրի ներքո:
«Այլ կերպ ասած' խաղաղապահների տեղակայման անհրաժեշտություն ես չեմ տեսնում, քանի որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանը միակն է աշխարհում, որտեղ խաղաղությունն ու կայունությունն արդեն 18 տարի է, ինչ պահպանվում է կողմերի միջեւ' առանց որեւէ կողմնակի միջամտության: Սա ցույց է տալիս, որ համեմատական առումով կողմերը կարող են ապրել' վնաս չտալով մեկը մյուսին, պահպանելով կայունությունը եւ խաղաղությունը: Այս փորձը միջազգային հանրությունը կարող է օգտագործել նաեւ այլ տարածաշրջաններում:
Խաղաղապահները սովորաբար տեղակայվում են այնտեղ, որտեղ հնարավոր չէ կողմերի միջեւ կայունության եւ խաղաղության պահպանումը»,- նկատեց Դ. Բաբայանը:
Հիշեցնենք, որ Է. Մամեդյարովի հայտարարության վերաբերյալ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտնել էր, որ ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարցը բանակցությունների վերջին երեք տարիների ընթացքում չի քննարկվել: