Ըստ Ն. Զոհրաբյանի` ԵԽԽՎ-ում սեպտեմբերին Հայաստանի մասին ներկայացվելիք զեկույցը դրական է լինելու
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) սեպտեմբերին ներկայացվելիք զեկույցը' կառույցի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների վերաբերյալ, դրական է լինելու: Հայաստանը եւ Եվրոպայի խորհրդի անդամ եւս 11 երկիր գտնվում են Եվրոպայի խորհրդի սովորական մոնիտորինգի ընթացակարգում, եւ պարբերաբար ԵԽԽՎ-ն զեկույցներ է ներկայացնում այդ երկրների վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, հունիսի 20-ին մեկնարկող ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում համազեկուցողները մի քանի րոպեների ընթացքում կներկայացնեն զեկույցի ընդհանուր փիլիսոփայությունը, բովանդակությունը, սակայն ներկայում ամբողջությամբ կանխատեսել, թե ինչպիսին կլինի զեկույցը, դժվար է:
«Սակայն միանշանակ կարող եմ ասել, որ թե Մոնիտորինգի հանձնաժողովում համազեկուցողների ներկայացնելիք հակիրճ տեղեկանքը, թե այնուհետեւ համապարփակ զեկույցը Հայաստանի պարտավորությունների վերաբերյալ, իմ գնահատմամբ, լինելու է դրական, քանի որ վերջին ներքաղաքական իրողությունները, քայլերը, դրական արձագանքի եւ դրվատանքի են արժանացել թե Եվրոպայի խորհրդի, թե Եվրամիության, եւ թե միջազգային հանրության տարբեր դերակատարների կողմից: Ես վստահ եմ, որ մենք շատ դրական զեկույց ենք ունենալու սեպտեմբերյան մեր նստաշրջանում»,- ընդգծեց պատգամավորը: