Ըստ Գ. Մինասյանի` Թուրքիայում կայանալիք ընտրություններից հետո կվերանա միջազգային հանրության կոչերին չհետեւելու խոչընդոտը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու օրից Թուրքիայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին, ամենայն հավանականությամբ, Էրդողանի' «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կստանա ձայների կեսից ավելին: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը, ընտրությունները կարեւոր շրջադարձային կետ կարելի է համարել Թուրքիայի զարգացման առումով: Գ. Մինասյանի խոսքով' Թուրքիայի պատգամավորների որոշ մասի շրջանում կա կարծիք, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը չունի համապատասխան թվով ձայներ, որպեսզի կարողանա խորհրդարանում առաջ տանել իր ընկալումներն արտաքին զարգացման բնագավառում, մասնավորապես' Հայաստանի առումով:
Ըստ ՀՀԿ անդամի' դժվար է ասել, թե այս տեսակետը որքանով է իրատեսական, ակնհայտ է, սակայն, որ Էրդողանի կուսակցության' խորհրդարանում ձայների կեսից ավելին ստանալուց հետո վերացված կլինի միջազգային բազմաթիվ հեղինակավոր կենտրոնների' առանց նախապայմանների Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմանները բացելու կոչերին ընդառաջ չգնալու «խոչընդոտ»-ը, հնարավոր կլինի հստակ գնահատականներ տալ Թուրքիայի կողմից վարվող արտաքին քաղաքականության նկատմամբ, մասնավորապես' արձանագրությունների' առանց նախապայմանների ստորագրման: