Ըստ Հ. Հովհաննիսյանի` իշխանություն- ՀԱԿ երկխոսությունը տանում է իրավիճակի լիցքաթափման
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունների եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ երկխոսությունը տանում է իրավիճակի լիցքաթափման, ինչի արդյունքում քաղաքական ճգնաժամն ավարտվում է երկրում: Այսօր հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը: Ըստ նրա' ՀԱԿ-ը, փոխելով իր մարտավարությունը, որդեգրել է ինստիտուցիոնալ ընդդիմություն դառնալու ուղեգիծ: «ՀԱԿ-ը փոխել է իր մարտավարությունը, վերանայել այն մոտեցումները, որոնք որդեգրել էր նախագահական ընտրություններից հետո: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրություններից հետո որդեգրել էր հեղափոխական մարտավարությունը, ինչի արդյունքում էլ տեղի ունեցան մարտյան իրադարձությունները»,- նկատեց քաղաքագետը:
Հ. Հովհաննիսյանն ակնկալում է, որ երկխոսությունն իսկապես կլինի բաց եւ թափանցիկ հասարակության համար եւ կնպաստի առաջխաղացմանը բոլոր ոլորտներում: