4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 12-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունները հիմնականում անցնելու են 3-4 կուսակցությունների ընտրապայքարում, սակայն վերջինիս մասնակցում են 15 քաղաքական ուժեր: Ինչպես այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտում կայացած քննարկման ժամանակ նշեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, ընտրապայքարն անցնում է լարված մթնոլորտում: Մասնավորապես, ըստ նրա, իշխանություններն ամեն ինչ անում են' զինվորականության ազդեցությունը ընտրապայքարի վրա հնարավորինս նվազեցնելու համար: «Սրա արդյունքում է, որ ԶՈւ-ի ղեկավարության զգալի մասը ինչ- ինչ հարցերի պատճառով ձերբակալված է, ինչն ստիպում է զինվորականությանն իր ձգտումները պակասեցնել' ազդելու Թուրքիայի քաղաքական խնդիրների վրա»,- նկատեց Ռ. Սաֆրաստյանը:
Ըստ թուրքագետ Վահրամ Տեր-Մաթեւոսյանի' ներկայիս իշխանությունը' ի դեմս «Արդարություն եւ զարգացում» կուսակցության, շարունակում է լինել խորհրդարանում մեծամասնություն կազմելու ամենահավանական տարբերակը: ««ԱԶԿ»-ն հույս ունի ստանալ ատնվազն 330 մանդատ, ինչը հնարավորություն կտա առաջ տանել սեփական ծրագրերը: Սրա արդյունքում էլ վարչապետ Էրդողանն զգուշությամբ է ընտրել իր կուսակցության թեկնածուներին: Չնայած դրան' «ԱԶԿ»-ն իր շարքերում ունի ներքին ընդդիմություն, որի համար Էրդողանի որոշ զիջումները' տարբեր հարցերում, անընդունելի են: Բացի այդ, հակասություններ գոյություն ունեն Էրդողանի' հանրապետության նախագահ դառնալու հավակնության վերաբերյալ:
Խորհրդարան մուտք գործելու մյուս հավակնորդը' «Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն»-ը, պայքարում է գոնե 26 մանդատ ստանալու համար, ինչը մեծ հաջողություն կլինի, քանի որ մինչ այժմ վերջինս ունեցել է առավելագույնը 20 մանդատ: «Հենց այս նպատակի համար էլ կուսակցությունը մեծապես թարմացրել է իր շարքերը. ընդգրկվել են ոչ միայն քաղաքական գործիչներ, այլեւ մյուս բնագավառները ներկայացնող հայտնի անձինք: «ՀԺԿ»-ն խոսում է հիմնականում խոսքի ազատության, ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ»,- նշեց Վ. Տեր-Մաթեւոսյանը:
Հաջողության հասնելու հավակնորդ մյուս կուսակցությունը, թուրքագետի կարծիքով, «Ազգայնական շարժում»-ն է: Սակայն, ըստ Վ. Տեր-Մաթեւոսյանի, վերջինս ընտրապայքարն սկսել է կաթվածահար վիճակում, քանի որ որոշ ուժեր այս կուսակցության անդամների վերաբերյալ տարածել էին սկանդալային տեսաերիզներ: Չնայած դրան' կուսակցությունը հավակնում է 50-60 մանդատի: «Այս քանակի մանդատներով հնարավոր չի լինի լուրջ ազդեցություն ունենալ իշխանությունների քաղաքականաության վրա, սակայն չի բացառվում, որ դաշինքի կազմման միջոցով «Սզգայնական շարժում»-ը կարողանա արգելակել որոշ հարցեր»,- նկատեց Վ. Տեր-Մաթեւոսյանը:
Վերջինիս դիտարկմամբ' «Քրդական բանվորական կուսակցության»' ընտրական 10 տոկոսանոց շեմի հաղթահարման հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, ինչի համար էլ իշխանություններից վերջինս պահանջում է սահմանել 5 տոկոսանոց շեմ, «որն այնքան էլ իրատեսական չէ»:
«Ընդհանուր առմամբ, ընտրապայքարն անցնում է լարված մթնոլորտում, քանի որ Էրդողանի նկատմամբ վստահությունը փոքր-ինչ ընկել է մյուս կուսակցությունների կողմից առաջ քաշված հակազդեցությունների արդյունքում»,- ընդգծեց թուրքագետը: