Կարծիքներ

Ն. Զոհրաբյան. «Հայատյացությունն Ադրբեջանում հասցված է պետական քարոզչության մակարդակի»

4 րոպեի ընթերցում

Ն. Զոհրաբյան. «Հայատյացությունն Ադրբեջանում հասցված է պետական քարոզչության մակարդակի»

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր հանդիպել է Չեխիայի Հանրապետության ԱԳՆ Արեւելյան գործընկերության հարցերով Հատուկ հանձնարարություններով դեսպան պարոն Պիտեր Մարեշի եւ Արեւելյան գործընկերության հարցերով փորձագետ Եվա Կորդովանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, կարեւորելով Արեւելյան գործընկերությունը' հանձաժողովի նախագահը նշել է, որ Արեւելյան գործընկերությունը ավելի հստակ մոտեցում է ցուցաբերում Արեւելյան գործընկեր երկրների նկատմամբ, առանձին է գնահատում յուրաքանչյուր երկրի ջանքը Եվրոպական Միության հետ քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման հարցում: Այդուհանդերձ, այս համատեքստում Ն. Զոհրաբյանը բարձրաձայնել է մի քանի մտահոգություններ, մասնավորապես այն, որ ադրբեջանական կողմը արդեն իսկ պատրաստվում է Արեւելյան գործընկերության նոր մեկնարկած ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի ձեւաչափը վերածել հակասությունների հերթական հարթակի: Հանձնաժողովի նախագահի կարծիքով' եթե Եվրոպական Միության անդամ երկրները թույլ տան, որ Ադրբեջանը ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ն փորձի դարձնել տարածաշրջանում նոր բաժանարար գծեր ստեղծելու հարթակ, ապա այդ կարեւոր ձեւաչափը, որը պետք է նպաստի Արեւելյան գործընկերության կարեւոր դրույթներից մեկի, այն է' բազմակողմ եւ երկկողմ հարաբերությունների ձեւավորմանը, կդատապարտվի: Ներկայացնելով հայկական կողմի տեսակետը' Ն. Զոհրաբյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է մասնակցել տարածաշրջանում ընդհանուր շահեր ներկայացնող խնդիրների օրակարգի ձեւավորմանը' լինեն դրանք կրթական, հումանիտար, բնապահպանական: Մինչդեռ ադրբեջանական կողմը պաշտոնական մակարդակով բազմիցս հայտարարել է, որ թե Արեւելյան գործընկերության եւ թե որեւէ այլ ձեւաչափում հրաժարվում է Հայաստանի հետ որեւէ համագործակցությունից:

Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ' ժամանակն է, որ Եվրամիությունը հստակ արձագանքի Ադրբեջանի այս ոչ կառուցողական դիրքորոշմանը, որը փորձում է Արեւելյան գործընկերության հիմնարար փիլիսոփայությունը «հարմարեցնել» Ադրբեջանի օրակարգին: Խոսելով ադրբեջանական կողմի անհանդուրժողականության մասին' նա վկայակոչել է վերջերս Ադրբեջանում դպրոցահասակների շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումը. «Ու՞մ եք տեսնում ազգի թշնամի» հարցադրմանը դպրոցահասակ երեխաների գերակշիռ մեծամասնությունը պատասխանել էին' հայերին: Ն. Զոհրաբյանի կարծիքով' հայատյացությունը Ադրբեջանում հասցված է պետական քարոզչության մակարդակի: Նա գտնում է, որ տարածաշրջանի եվրոպական ինտեգրացիայով շահագրգիռ կառույցները այս խնդրի վրա պետք է լրջորեն ուշադրություն դարձնեն:

Խոսելով Հայաստանի եվրոպական ինտեգրման նպատակների մասին' Ն. Զոհրաբյանը նշել է, որ ի տարբերություն մեր որոշ հարեւանների, մասնավորապես Ադրբեջանի, որը փորձում է փողով եվրոպական ինտեգրման իմիտացիա գնել, Հայաստանի համար եվրաինտեգրումը կարեւոր եւ առաջնահերթ գերակայություն է, քանզի մենք հասկանում ենք, որ մեր միակ ռեսուրսը ժողովրդավարությունն է: Նա ընդգծել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Եվրամիության հետ քաղաքական ասոցացմամբ եւ տնտեսական ինտեգրմամբ:

Հանդիպմանը քննարկվել են այլ հարցեր եւս:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում