Մ. Մինասյան. «Հայաստանի իշխանությունը պատրաստ է երկխոսության գնալ ոչ միայն ՀԱԿ-ի, այլեւ այլ քաղաքական ուժերի հետ»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունը պատրաստ է երկխոսության գնալ ոչ միայն Հայ ազգային կոնգրեսի, այլեւ այլ քաղաքական ուժերի հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը' հավելելով, որ դա է պահանջում մեր հանրությունը, երկրի ներկայիս իրողությունը. կան հասարակության առջեւ ծառացած խնդիրներ, որոնք պետք է լուծել: Ըստ նրա' ընդդիմության հետ երկխոսության ծավալումն իշխանության կողմից բարի կամքի դրսեւորում է, սակայն ՀԱԿ-ի կողմից առաջարկվող բանակցային ներկայիս ձեւաչափն անընդունելի է: «Հայաստանի իշխանությունը չի ընդունի բանակցող խմբերի միջոցով երկխոսության շարունակումը»,- ընդգծեց պատգամավորը' հավելելով, որ մինչ այժմ ծավալված երկխոսությունն արդյունավետ էր, եւ փոփոխելու կարիք չկա: «Թե' ՀՀԿ-ի, թե' կոալիցիոն մյուս ուժերի գործունեությունը միտված է երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, եթե ՀԱԿ-ը եւ այլ քաղաքական ուժեր կառաջնորդվեն այս նպատակով, մենք դեմ չենք երկխոսության ծավալմանը»,- շեշտեց Մ. Մինասյանը: