Ըստ Վ. Հովհաննիսյանի` Ադրբեջանը շարունակում է լկտի պահել իրեն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ուշադրությունը մեծացել է: Այսօր Ազգային ժողովում հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը' անդրադառնալով ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահների դովիլյան վերջին հայտարարությանը: Նրա խոսքով' այդ հայտարության արդյունքում կողմերը պետք է աշխատեն կոնկրետ փաստաթղթի շուրջ: Հիշեցնենք, որ Դովիլում եռանախագահները նշել էին, որ հասունացել է ժամանակը' համաձայնեցնելու հակամարտության լուծման հիմնարար սկզբունքները, «ընդ որում' Սոչիում մարտի 5-ին համաձայնեցված կետերի շուրջ»:
Վ. Հովհաննիսյանը դժվարացավ կանխատեսել, թե ինչ արդյունքներով կավարտվի հունիսին նախատեսված Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը:
«Առհասարակ, այժմ ոչ միայն Արեւմուտքում, այլեւ Ռուսաստանում է վերանայվում իրական ազատության ու կայունության հարաբերակցությունը»,- ասաց Վ. Հովհաննիսյանը' այս համատեքստում կարեւորելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության' բանակցություններին ուղղակիորեն մասնակցելը: Նրա խոսքով' Ադրբեջանը շարունակում է իրեն լկտի պահել, ինչին համապատասխան արձագանք է անհրաժեշտ: