Կարծիքներ

Ա. Փաշայան. «Սիրիայի ներկա վարչակարգը դեռեւս ունի բավարար ռեսուրսներ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար»

3 րոպեի ընթերցում

Ա. Փաշայան. «Սիրիայի ներկա վարչակարգը դեռեւս ունի բավարար ռեսուրսներ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար»

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայ համայնքը հայկական Սփյուռքի ամենակայացած համայնքներից մեկն է: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց արաբագետ Արաքս Փաշայանը, նրան ազգային գործունեություն ծավալելու համար լավ հնարավորություն է տրվել հատկապես նախագահ Բաշար ալ Ասադի ղեկավարության օրոք: Սիրիահայերն այն բացառիկ համայնքներից են, որոնք հնարավորություն ունեն ազգային լեզվով ուսանել դպրոցում: Եկեղեցիներում ծիսական լեզուն հայերեն է: Շուրջ 30 եկեղիցներ են գործում: Կան մշակութային, սկաուտական, մարզական միություններ եւ այլն:

«Բնականաբար Սիրիայում սկսած ներքաղաքական զարգացումները որոշակի մտահոգություններ են առաջ բերել հայ համայնքի մոտ: Ճիշտ է, այս պահին համայնքի անվտանգությունը կամ ազգային գոյապահպանությունը որեւէ կերպ վտանգված չէ, սակայն շատ մտավախություններ են հնչում, որ հնարավոր իշխանափոխության դեպքում որոշակի մարտահրավերներ կձեւավորվեն»,-ասաց Ա. Փաշայանը: Ըստ նրա' հայ համայնքն իշխանության հետ է, այն իր աջակցությունն է հայտնել գործող վարչակազմին: Այդ ուղղությամբ հայերը կազմակերպել են ակցիաներ ե'ւ Սիրիայում, ե'ւ այլ երկրներում: Արաբագետը նշեց, որ հայկական համայնքի դիրքորոշումը հիմնավոր է, որովհետեւ Բաշար ալ Ասադի վարչակազմի մեջ են տեսնում իրենց ապահովության ազգային գոյության եւ, ի վերջո, անվտանգության երաշխիքը:

«Իշխանափոխության հետ կապված իսկապես մտավախություն կա, քանի որ չեն պատկերացնում, թե այդ դեպքում ինչ ուժեր կարող են ստանալ իշխանության ղեկը»,-ասաց նա:

Արաբագետ Գրիգոր Վարդանյանն էլ նշեց, որ այսօրվա վարչակազմին բողոքավորների մեծ մասը դիտում է որպես հակառակորդի: Նրանք շատ արմատական են տրամադրված: Ըստ նրա' այս գործընթացներից հետո չի բացառվում, որ որոշակիորեն ակտիվանան սիրիահայ համայնքի արտագաղթի տեմպերը:

Ա. Փաշայանի կարծիքով' ներկա վարչակարգը դեռեւս ունի բավարար ռեսուրսներ' ի դեմս բանակի, հատուկ ծառայությունների, որպեսզի կարողանա վերահսկել իրավիճակը, նույնիսկ հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը:

Խոսելով Սիրիայի ներքաղաքական անկայունության' տարածաշրջանի վրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ' Ա. Փաշայանը նշեց, որ Թուրքիան շահագրգռված է, որ արաբական որոշ երկրների վարչակազմերը փոխվեն կամ թուլանան: Այդ պարագայում Թուրքիան ավելի է ուժեղացնում իր դիրքորոշումը տարածաշրջանում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում