«Արաբական գիշերներ»-ը` Երեւանում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն երրորդ անգամ Հայաստանում հունիսի 1-5-ը կանցկացվի «Արաբական գիշերներ» խորագրով ֆիլմերի փառատոնի հատուկ ծրագիրը, որը նպատակ ունի տարածաշրջանային համագործակցության եզրեր եւ հնարավորություններ ստեղծել արաբական աշխարհի եւ հայ կինոգործիչների միջեւ: Ֆիլմերը կցուցադրվեն Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց փառատոնի համակարգող Հրաչուհի Բարսեղյանը, այս տարվա փառատոնի հատուկ հյուրն է լինելու Ֆրանսիայից ժամանած ռեժիսոր Դոմինիկ Դուբոսկը, ով Նորարար փորձառական արվեստի կենտրոնում կներկայացնի իր ֆիլմերից հատվածներ: Փառատոնի շրջանակներում կներկայացվեն արաբ ռեժիսորներ Աբդուլա Ալ Քաաբիի, Դոմինիկ Դուբոսկի, Սամեհ Աբդել Ազիզի, Մոհամադ Ալ Դարաջիի, Զիադ Դուեիրիի, Սկանդար Կոպտիի հեղինակային ֆիլմերը:
Ինչպես նշեց կինոփառատոնի տնօրեն Վրեժ Քասունին, «Արաբական գիշերներ»-ի գաղափարն ամեն տարի զարգանում է: «Այս տարվա փառատոնը երկար բանակցությունների, ստեղծված ծանոթությունների եւ կապերի արդյունք է»,- նշեց նա' համոզմունք հայտնելով, որ փառատոնը համագործակցության, երկխոսության, նոր հորիզոններ ստեղծելու հնարավորություն է տալիս: «Արաբական աշխարհի հարուստ կինոարտադրության նորագույն նմուշները Հայաստանում ներկայացնելով' մենք մեր կինոգործիչներին ու կինոսիրողներին աշխարհին նոր աչքերով նայելու հրաշալի առիթ ենք տալիս»,-նշեց նա:
Նշենք, որ «Արաբական գիշերներ» ֆիլմերի հատուկ ծրագիրն իր առաջին քայլերն է արել 2008-ին, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում: