Վ.Կազիմիրով. «Ռուսաստանը կխաղա իր դրական դերը ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման գործում»
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հուսով եմ, որ Ռուսաստանը կխաղա իր դրական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման գործում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ռուս դիվանագետների ասոցիացիայի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Կազիմիրովը: «Հակամարտության կողմերի միջեւ գոյություն ունեցող փոխադարձ անվստահության մթնոլորտը հավելյալ խոչընդոտներ են առաջացնում միջնորդների գործունեության մեջ, սակայն, կարծում եմ, որ Ռուսաստանը չպետք է հոգնի իր միջնորդական գործունեությունից»,- ասաց Վ.Կազիմիրովը:
Նա հիշեցրեց, որ բանակցային գործընթացի սկզբում Մինսկի կոնֆերանսը նախագահում էին իտալացիները, սակայն 1.5 տարի հետո նրանք «հոգնեցին», քանի որ այդ գործընթացը բավականին ծախսատար էր եւ մեծ առավելություններ չէր բերում իտալական դիվանագիտությանը: Այնուհետեւ նախագահությունը փոխանցվեց Շվեդիային, իսկ հետո Ֆինլանդիային: Արդեն Շվեդիայի նախագահության ժամանակ ձեւավորվեց համանախագահությունը Ռուսաստանի հետ: ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողովի ժամանակ Ֆինլանդիայի փոխարեն որպես համանախագահ երկիր ներկայացվեց Ֆրանսիան: «Դա բավականին մեծ դժգոհություն առաջացրեց Ադրբեջանում: Հեյդար Ալիեւը գտնում էր, որ Ֆրանսիայում եւ Ռուսաստանում բավականին մեծ է հայկական սփյուռքի ազդեցությունը: Այս իրավիճակում նաեւ ԱՄՆ-ն ցանկություն հայտնեց միանալու կողմերին, եւ այսպես 1997թ-ի սկզբին ձեւավորվեց ներկա եռանախագահությունը»,- պատմությունը ներկայացրեց ռուս դիվանագետը:
«Ներկայում Ռուսաստանի ակտիվությունը հակամարտության կարգավորման գործընթացում նկատելիորեն ավելի ակտիվ է, քան Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դեպքում: Սա չեմ ասում այդ երկրներին մեղադրելու համար, սա տեղի է ունենում օբյեկտիվ գործոնների առկայության պատճառով»,- ասաց նա' հավելելով, որ նույնիսկ Իրանն ու Թուրքիան, որոնք գտնվում են հարեւանությամբ, չունեն այնքան հետաքրքրվածություն խնդրի լուծման գործում, որքան Ռուսաստանը: «Մեզ համար այս հարցն ավելի ցավոտ է, եւ դա բնական է»,- շեշտեց Վ.Կազիմիրովը: