Կարծիքներ

Հ. Աբրահամյան. «Սա նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում 9-րդ, բայց աննախադեպ համաներումն է»

4 րոպեի ընթերցում

Հ. Աբրահամյան. «Սա նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում 9-րդ, բայց աննախադեպ համաներումն է»

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատում ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին նախագահի առաջարկը:

Ինչպես այսօր ԱԺ-ում իր արտահերթ ելույթի ժամանակ նշեց Հ. Աբրահամայանը, դա սպասված եւ միանգամայն անհրաժեշտ քայլ է: «Սա նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում 9-րդ, բայց աննախադեպ համաներումն է, որն առաջինն է լինելու իր կիրարկման, ազդեցության շրջանակի, ծավալի ու դրսեւորման առումով եւ ունի թե' մարդասիրական, թե' քաղաքական նշանակություն: Համոզված եմ, որ այս համաներումն իր դրական ազդեցությունը կունենա մեր քաղաքական դաշտի ու հասարակական մթնոլորտի վրա: Այս կապակացությամբ մեր քաղաքական գնահատականը միանշանակ դրական է, եւ պետք է ողջունել այն տեսակետից, որ պետությունն իր մարդասիրական վերաբերմունքն է ցուցաբերում այսպես կոչված սխալված քաղաքացիների նկատմամբ, քանի որ համաներումը կարող է ծառայել շատ կարեւոր մի նպատակի' հանրության մեջ առաջացած լարվածությունը մեղմելու եւ համագործակցության հենք ստեղծելու համար: Ընդհանրապես ե'ւ մարդասիրության, ե'ւ բարոյական, ե'ւ քաղաքական տեսանկյունից մենք կարեւորում եւ ողջունում ենք այն, ինչ միտված է մեղմելու լարվածությունը եւ խթանելու համերաշխության, միասնականության ձեւավորումը»,- ընդգծեց նա:

Հ. Աբրահամյանը շեշտեց, որ այսօրինակ ներքաղաքական որոշումների համար չկան ժամանակային սահմանափակումներ. դրանք պետք է կիրառել ըստ անհրաժեշտության, «ինչն այսօր իսկապես առկա է, եւ բացի այդ, սա նաեւ դաստիարակչական քայլ է, մարդասիրության դրսեւորում, ուսանելի այն մարդկանց համար, որոնք, ազատության մեջ գտնվելով, կկարողան իրենց ուժերն հետագայում ներդնել ի բարօրություն մեր երկրի, մեր պետականության»: «Վստահ, որ ՀՀ նախագահի կողմից առաջարկված եւ ՀՀ ԱԺ-ի կողմից հայտարարվող համաներումը ճիշտ ժամանակին իրականացվող եւ միանգամայն հիմնավոր քայլ է, որով փորձ է արվում քաղաքական օրակարգի եւ քաղաքական մշակույթի մեջ որոշակի բեկում մտցնել, վերջնականապես հաղթահարել ներքաղաքական լարվածությունը»,- ասաց նա:

Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ' պետք է հանցանք գործած անձանց ուղղվելու ու ճիշտ ճանապարհին կանգնելու հնարավորություն տալ: «Կուզենայի անդրադառնալ նաեւ այն հանգամանքին, որ սա այն բացառիկ դեպքն է, երբ իշխանության բոլոր թեւերը շոշափելի ներդրում ունեցան համաներման սկզբունքների, հիմնադրույթների հստակեցման ու ի վերջո դրա իրականացման գործում: Սրանով նոր մշակույթի հիմք է դրվում, ինչը, կարծում եմ, մեծ դեր է ունենալու ապագայի բոլոր խնդիրների լուծման ժամանակ: Այսօր եկեք մի պահ խորհենք ՀՀ նախագահի խոսքերի շուրջ, հիշենք, որ մեծ գործ ունենք անելու, հիշենք որ ունենք պաշտպանելու առաքելություն, իրավունք չունենք թույլ տալու մեր երկրում ունենալ միմյանց հանդեպ թշնամաբար տրամադրված հասարակություն, իրավունք չունենք ունենալու քաղաքական ուժեր, որոնք իրար հանդեպ տածում են բացառիկ ատելություն: Մենք պետք է կարողանանք ի վերջո հիմք դնել քաղաքակիրթ երկխոսության մշակույթին եւ մեկ քայլ անենք առ միասնություն»,- նշեց ԱԺ նախագահը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում