Լ.Այվազյան. «Մասնակցությունն Աֆղանստանում խաղաղարար առաքելությանը Հայասատանը դարձնում է միջազգային անվտանգության ապահովման ակտիվ դերակատարներից մեկը»
6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 29-ը խաղաղապահների միջազգային օրն է: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը 2004թ.-ից մասնակցություն են ունենում միջազգային խաղաղարար գործողություններին' վայելելով վստահելի գործընկերոջ հեղինակություն: ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի ձեւավորման ընթացքի ու առանձնահատկությունների մասին «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանի հետ:
-Բազմիցս նշվել է, որ Հայաստանը անվտանգության զուտ սպառող լինելուց արդեն խաղաղարար գործողություններին մասնակցությամբ վերածվել է միջազգային անվտանգության կերտողի. ինչպե՞ս է այս հանգամանքը գնահատվում Հայաստանի գործընկերների կողմից:
-Մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին, անշուշտ, բարձրացնում է ՀՀ զինված ուժերի միջազգային վարկն ու հեղինակությունը: Տարեցտարի Հայաստանի կողմից միջազգային խաղաղապահ գործունեության ընդլայնումը վկայում է, որ ՀՀ զինված ուժերը ոչ միայն վստահելի միջազգային գործընկեր են, այլեւ լիովին փոխգործունակ են միջազգային առաքելություններին մասնակցելու համար: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ, օրինակ, Աֆղանստանում կիրառվում են միջազգային գործողությունների (այդ թվում' հատուկ գործողությունների) ամենաժամանակակից մարտավարությունը եւ մեթոդները, ուստի մեր խաղաղապահները նաեւ անգնահատելի փորձ են ձեռք բերում, որը հետագայում ներդրվում է ՀՀ զինված ուժերի մյուս ստորաբաժանումներում:
Բացի այդ, Աֆղանստանի առաքելությունը միջազգային անվտանգության ապահովման առաջնահերթ խնդիրն է, եւ ՀՀ խաղաղապահ ստորաբաժանման մասնակցությունն այդ առաքելությանը մեր երկիրը դարձնում է միջազգային անվտանգության ապահովման թեկուզեւ համեստ, սակայն ակտիվ դերակատարներից մեկը: Այդ հանգամանքը բարձր է գնահատվում մեր գործընկերների կողմից, ինչը դրսեւորվում է Հայաստանին տրամադրվող փորձագիտական, խորհրդատվական, նյութական եւ այլ բնույթի օժանդակությամբ:
-2007թ-ի սեպտեմբերի 1-ից ՀՀ ԶՈւ խաղաղարար գումարտակը ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով վերակազմավորվել է խաղաղապահ բրիգադի: Ինչպե՞ս է ընթանում բրիգադի' անձնակազմի եւ սպառազինության համալրման գործընթացը, ե՞րբ ամբողջությամբ կավարտվի ստորաբաժանման համալրումը:
-Համալրումն ընթանում է ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն: Մենք պլանավորում ենք ամբողջովին համալրել խաղաղապահ բրիգադը մինչեւ 2015թ.: Ներկայումս անձնակազմով լիովին համալրվել են 2 հրաձգային գումարտակներ եւ սկսվել է 3-րդ հրաձգային գումարտակի, ինչպես նաեւ մարտական ու նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների համալրումը:
Ծառայությունը խաղաղապահ բրիգադում երիտասարդներին ապահովում է ոչ միայն կայուն աշխատանքով, այլեւ թույլ է տալիս վարժվել, վերապատրաստվել, ձեռք բերել օտար լեզվի իմացություն եւ այդ ամենը գործնականորեն կիրառել միջազգային առաքելությունների ընթացքում, ինչպես նաեւ օգտվել զինծառայողների ու նրանց ընտանիքների համար նախատեսված սոցիալական եւ բժշկական արտոնություններից:
Անհրաժեշտ եմ համարում նշել նաեւ, որ խաղաղապահ բրիգադի համալրումն իրականացվում է պայմանագրային հիմունքներով, իսկ ուսուցման եւ վարժանքի ծրագրերը զինծառայողներին դարձնում են լիարժեք պրոֆեսիոնալ:
-Ո՞րն է Աֆղանստանում հայկական խաղաղապահ ուժերի թվի ավելացման հիմնական նպատակը: Փոխվե՞լ է արդյոք նրանց առջեւ դրված խնդիրը, թե՞ շարուկանելու են ապահովել Կունդուզում բազայից երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող օդանավակայանի շենքի եւ թռիչքուղու անվտանգությունը:
-Հայ խաղաղապահների այն դասակը (40 հոգի), որն առաքելությունն իրականացնում է 2010 թվականից, շարունակելու է իր խնդրի իրականացումը Կունդուզի օդանավակայանում, իսկ այս տարի գործուղվող լրացուցիչ վաշտը (81 հոգի) տեղակայվելու է Հյուսիս տարածաշրջանային հրամանատարության կենտրոնակայանում, որը գտնվում է Մազարի Շարիֆ քաղաքում: Զորախումբը պատասխանատու է լինելու Մազարի Շարիֆի օդանավակայանի անվտանգության ապահովման համար: Միեւնույն ժամանակ, 5 հայ սպա-հրահանգիչներ տեղակայվելու են Թոլուքան քաղաքում գտնվող աֆղանական բանակի հրաձգային գումարտակում, որտեղ զբաղվելու են անձնակազմի վարժանքներով:
-Ինչպե՞ս են հունական հրամանատարությունը' Կոսովոյում եւ գերմանական հրամանատարությունը' Աֆղանստանում գնահատում հայ խաղաղապահների առաքելությունը:
-Ուրախությամբ պետք է նշեմ, որ թե հունական եւ թե գերմանական հրամանատարությունների գնահատականներով մեր խաղաղապահներն աչքի են ընկնում միայն դրական կողմերով: Ընդ որում, բարձր է գնահատվում թե նրանց պատրաստվածության մակարդակը, թե կարգապահությունը եւ թե կատարողականությունն ու նախաձեռնողականությունը: Դրա վառ ապացույցն են Գերմանիայի ու Հունաստանի պաշտպանական գերատեսչությունների կողմից հայ խաղաղապահներին շնորհվող բազմաթիվ պարգեւները: Մենք ստանում ենք նաեւ շհորհակալագրեր այդ երկրների բարձրագույն ռազմական եւ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից:
Հարցազրույցը` Նարինե Նազարյանի