ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի Քնեսետում մեծանում է Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը' մեկնաբանելով Քնեսետի կրթության եւ մշակույթի հանձաժողովում ձայների մեծամասնությամբ ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը խորհրդարանում քննարկելու պահանջը: Հիշեցնենք, որ հարցը կրթության եւ մշակույթի հանձնաժողով էր ներկայացրել ձախ ուղղվածության «Մերեց» կուսակցությունը, որին աջակցել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը:
Կ. Մանոյանը հույս հայտնեց, որ նման որոշումից հետո Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դրական լուծում կստանա, քանի որ «Քնեսետի կոալիցիոն կուսակցությունները կողմ են արտահայտվել հարցին եւ ընդունել են, որ արդեն ժամանակն է Ցեղասպանության ճանաչման»: Ըստ նրա' Իսրայելում մեծ է հասարակության թիվը, որը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Եթե մինչ այժմ Իսրայելում մտածում էին Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, ապա այժմ նման կերպ չեն առաջնորդվում, քանի որ ներկայում Թուրքիայի հետ հարաբերությունները որպես ադպիսին այնքան էլ լավ իրավիճակում չեն»,- ասաց Կ. Մանոյանը:
Նշենք, որ մինչ կրթության հանձնաժողով ուղարկելը, Քնեսետի նիստում բոլոր մասնակիցները, այդ թվում' Քնեսետի նախագահը, պաշտպանել են քննարկումները շարունակելու որոշումը' ընդգծելով, որ Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունները չպետք է Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատճառ դառնան: