Ըստ Ա. Հովհաննիսյանի` ՀՀ հակաօդային ուժերը գտնվում են գերազանց մարտական պատրաստվածության աստիճանի վրա
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակաօդային պաշտպանության համակարգերը գտնվում են մարտունակության բարձր աստիճանի վրա եւ պատրաստ են յուրաքանչյուր պահի իրականացնել իրենց առջեւ դրված խնդիրները' պաշտպանելու հայկական երկու պետությունների օդային անվտանգությունը: Այսօր հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ Պաշտպանության նախարարության Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հակաօդային պաշտպանության ֆակուլտետի ամբիոնի պետ, գնդապետ Հայկազ Գեւորգյանը' հիշեցնելով, որ մեր երկրի հակաօդային պաշտպանական համակարգը սկսել է կայանալ միայն 1992 թվականից:
Ըստ նրա' ՀՀ հակաօդային պաշտպանության ուժերն 1999-ից մասնակցում են ԱՊՀ երկրների միասնական զորավարժություններին: 2005 թվականին նրանք այդ զորավարժությունների ժամանակ արժանացել են ամենաբարձր գնահատականին' «S-300» բարձրակարգ գերժամանակակից համակարգերով փայլուն կատարելով առաջադրված խնդիրները: «Այդ զորավարժություններին ներկա էր նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարը, որն այդ ամենը տեսնելով' դժվար թե համարձակվի իրականացնել իր ռազմատենչ հայտարարությունները»,- նկատեց Հ. Գեւորգյանը:
Ըստ ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի' Հայաստանի հակաօդային համակարգերն ու ուժերը գտնվում են գերազանց մարտական պատրաստվածության աստիճանի վրա: «Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մենք չունեինք համապատասխան մասնագետներ, հակաօդային բարձրակարգ սպառազինություն, ինչպես Ադրբեջանը: Չնայած դրան' այս ոլորտում եւս արձանագրեցինք մեծ հաջողություններ' հակառակորդին պատճառելով կորուստներ' մեծ քանակի մարտական տեխնիկայի ոչնչացմամբ: Սա փառահեղ արդյունք էր զինված հակամարտությունների պատմության մեջ»,- նկատեց ռազմական փորձագետը: Նրա համոզմամբ' տարածաշրջանում ՀՀ հակաօդային ուժերը գերազանցում են բոլորին:
Ըստ Հ. Գեւորգյանի' այսօր գոյություն ունեն անօդաչու թռչող սարքեր' չափերով փոքր, որոնք կառավարվում են ցամաքից: «Մեր հակաօդային ուժերն ունակ են խոցելու նաեւ այս սարքերը, ունենք վերջիններիս դեմ պայքարելու համապատասխան միջոցներ»,- վստահեցրեց նա:
Ա. Հովհաննիսյանի խոսքով' անօդաչու սարքերը, որոնցից Ադրբեջանը վերջին շրջանում ձեռք է բերել, լեռնային գոտիներում կիրառելն այնքան էլ հեշտ գործ չէ, մանավանդ այն պարագայում, երբ չկան բարձրակարգ մասնագետներ: «Ադրբեջանի հակաօդային ուժերի համալրման ծախսերը մեծ արդյունքներ չունեն, քանի որ ձեռք չեն բերվում գերժամանակակից համակարգեր, բացի այդ էլ, դրանք կիրառողներն են բացակայում հակառակորդի Զինված ուժերում»,- հավաստիացրեց ռազմական փորձագետը:
Ա. Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հակաօդային պաշտպանության ֆակուլտետի ամբիոնի պետի համոզմամբ' այս կրթական համալիրն արդեն ՀՀ ԶՈՒ-ին մասնագետների երրորդ սերունդն է տվել: «Վստահեցնում եմ' ունենք հակաօդային ուժերի բարձրակարգ մասնագետներ, որոնց թիվն աճելու է»,- հավաստիացրեց Հ. Գեւորգյանը: