Գ. Մելիքյան. «Իշխանություն- ընդդիմություն երկխոսությունը ողջունելի է»
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը ողջունելի է», - նման տեսակետ հայտնեց ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա կարծիքով' երկխոսությունն ընդունվեց միջազգային կազմակերպությունների, մեր հանրության կողմից: «Միայն այն քաղաքական ուժերը կարող են դժգոհություն հայտնել, որոնց համար դժվարին իրավիճակ կարող է ստեղծվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Միայն նրանք կդժգոհեն, ովքեր անձնական նկրտումներից ելնելով են գործում»,-ասաց Գ. Մելիքյանը:
Պատգամավորը նշեց, որ դեռեւս 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո հանրապետությունում բավականին լարված իրավիճակ էր ստեղծվել: ՀԱԿ-ը ներկայացնում էր, որ նախագահ է ընտրվել Լեւոն-Տեր Պետրոսյանը եւ ցանկացած ձեւով փորձում էր գնալ իշխանության տապալման: «Ցանկացած ձեւով գնում էր հակաօրինական, հակասահմանադրական գործողությունների: Արդյունքում' ստեղծվեց մի իրավիճակ, որը բավականին փխրուն էր' լի վտանգավոր հետեւանքներով: Պետք է արձանագրել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում ունեցել ենք լարված իրավիճակի թուլացում»,-ասաց Գ. Մելիքյանը: Նրա խոսքով' ՀՀ նախագահը հրավիրեց բոլոր քաղաքական ուժերին' ընդդիմադիր, խորհրդարանական, արտախորհրդարանական' քննարկելու թե արտաքին, թե ներքին քաղաքականության բնագավառում առկա հասարակությանը հուզող հարցերը: Պատգամավորը նկատեց, որ սկզբնական շրջանում ՀԱԿ առաջնորդները մերժում էին երկխոսության կոչը, սակայն խոհեմությունը հաղթեց եւ տվեց իր դրական արդյունքները:
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ հնարավոր է մինչեւ մայիսի 31-ը, ավելի կոնկրետ' մայիսի 28-ին, ազատ արձակվեն մարտի 1-ի դեպքերով ձերբակալվածները' Գ. Մելիքյանը նշեց, որ դա իրավական հարց է, եւ այդ հարթությունում էլ պետք է քննարկումներ անցկացվեն:
«Ցանկալի կլինի, որ մարտի 1-ի դեպքերով ձերբակալվածներն ազատ արձակվեն հենց մայիսի 28-ին, սակայն դրա համար հիմքեր են անհրաժեշտ: Դրանց առկայության պարագայում, կարծում եմ, որ հնարավոր կլինի նրանց ազատ արձակել»,-ասաց պատգամավորը: