Պ. Ֆլոր. «Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմության հետ»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնդիրները լուծելու համար Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմության հետ: Այս մասին այսօր նշեց Գերմանիայի արտաքին գործերի նախարարության' Արեւելյան Եվրոպայի, կովկասյան տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Պատրիցիա Ֆլորը' շեշտելով, որ հաճախ սեփական պատմության հետ առերեսումը պահանջում է երկար եւ ցավալի քննարկումներ ու մեծ համարձակություն: «Գերմանիան այս ճանապարհն անցել է 1960-1970-ականներին, երբ կանցլեր Վիլլի Բրանտը կատարեց առաջին ցավոտ քայլը' ներողություն խնդրելով լեհերից եւ հրեաներից, սակայն նա նույնպես քննադատներ ուներ Գերմանիայի ներսում»,- նշեց Պ. Ֆլորը:
Դեսպանի ներկայացմամբ' Գերմանիան ներկայում տարբեր ծրագրեր է իրականացնում մեր տարածաշրջանում' համախմբելով հայ եւ թուրք երիտասարդներին, որոնք քննարկում են 1915թ-ին եւ առաջին համաշխարհային պատերազմի տարիների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները:
«Էականն այս ամենի մեջ այն է, որ Գերմանիան ճանաչել է սեփական մեղքն ու պատասխանատվությունը»,- նկատեց Պ. Ֆլորը: