Ըստ Ն. Զոհրաբյանի` միջազգային հանրությունը պետք է խիստ եւ հասցեական գնահատի Ադրբեջանի գործողությունները
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քանի դեռ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հստակ եւ հասցեական վերաբերմունքը չեն արտահայտել Ադրբեջանի քաղաքականության վերաբերյալ, շփման գծում հայազգի զինվորների եւ քաղաքացիական անձանց սպանությունները Ադրբեջանի կողմից կշարունակվեն: Նման տեսակետ հայտնեց ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր «Արմենպրես»-ի հետ զրույցում' մեկնաբանելով մայիսի 11-ին ադրբեջանական կողմից արձակված գնդակից խաղաղ բնակչի սպանության փաստը:
Ն. Զոհրաբյանը նշեց, որ միջազգային հանրությունը պետք է իր գնահատականը տա հրադադարի ռեժիմը հիմնական խախտողների դեմ, ինչպես նաեւ այն հանգամանքի վերաբերյալ, որ Ադրբեջանը համառորեն հրաժարվում է շփման գծից հետ կանչել դիպուկահարներին:
«Երեկ Երեւանում գտնվող' ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ հանդիպման ժամանակ նույն խնդիրները ես բարձրացրեցի: Ասացի, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը շահագրգռված է, իսկ մենք վստահ ենք, որ շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ բանակցային լուծմամբ, ապա ժամանակն է, որ իրենց հայտարարությունները մի քիչ վեր լինեն շատ ընդհանրական, անորոշ ձեւակերպումներից»,-ասաց Ն. Զոհրաբյանը: Նրա խոսքով' պետք է լինել խիստ կոնկրետ եւ հասցեական, քանի որ անպատժելիությունը մշտապես ծնում է նորանոր հանցագործություններ:
Ն. Զոհրաբյանի խոսքով՝ Ադրբեջանի քաղաքական էլիտան ամեն օր սպառնում է պատերազմով եւ չի բացառում Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը: Այդ դեպքում անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արտահայտեն իրենց հստակ դիրքորոշումը: Այդպես պետք է անեն նաեւ այն ժամանակ, երբ Ադրբեջանը համառորեն հրաժարվում է շփման գծում տեղի ունեցած դեպքերի քննությունից: Ըստ պատգամավորի' արժանի գնահատական պետք է ստանա նաեւ այն, որ Ադրբեջանը սպառնում էր հարվածել դեպի Լեռնային Ղարաբաղ թռչելիք քաղաքացիական ինքնաթիռներին: