Հասարակական

Մեծ Հայրենականի եւ Շուշիի հաղթանակներին նվիրված միջոցառումներ` Հունաստանում, Արգենտինայում, Նիդերլանդներում

4 րոպեի ընթերցում

Մեծ Հայրենականի եւ Շուշիի հաղթանակներին նվիրված միջոցառումներ` Հունաստանում, Արգենտինայում, Նիդերլանդներում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մայիսի 8-ին տեղի է ունեցել Հունաստանի ազատագրման համար զոհված խորհրդային զինվորի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հուշարձանին ծաղկեպսակ է դրել նաեւ Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը: Միջոցառման մասնակիցների թվում են եղել Աթենքում հավատարմագրված' ԱՊՀ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, ռազմական կցորդներ, միջազգային կազմակերպությունների, քաղաքական, հասարակական, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Մայիսի 7-ին աշխատանքային այցով Սալոնիկում գտնվող Հայաստանի դեսպանն այցելել է հյուսիսային Հունաստանի Պտոլեմաիդա քաղաքին մոտ գտնվող Միսովունու գյուղ, որտեղ գտնվող եղբայրական գերեզմանոցում ծաղիկներ է դրել այնտեղ թաղված' ֆաշիզմի զոհերի շիրիմներին: Գերեզմանոցում են թաղված նաեւ երեք խորհրդային զինվորներ, որոնցից մեկը հայ է: Արարողությանը մասնակցել են Սալոնիկի հայ համայնքի ներկայացուցիչները:

Մայիսի 8-ին Արգենտինայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Բուենոս Այրեսում կայացել է միջոցառում' նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 66-րդ եւ Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձերին:

Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը մատուցել է սուրբ պատարագ եւ կատարել հոգեհանգստի արարողություն: Այնուհետեւ տաճարի բակում գտնվող' Արցախի հերոսներին նվիրված հուշարձանի մոտ կայացել է հանդիսություն, որի ընթացքում հավաքվածներին է դիմել Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը: Իր խոսքում դեսպանը զուգահեռներ է անցկացրել Մեծ Հայրենականի եւ Շուշիի հաղթանակների միջեւ, նշել է, որ Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում հազարավոր հայորդիների կողմից գործած սխրանքն օրինակ է ծառայել մեր օրերում' Լեռնային Ղարաբաղի անկախության համար մղվող պատերազմում: Նա կոչ է արել արգենտինահայությանը համախմբվել Հայաստանի ու Արցախի շուրջ, ջանք չխնայել Մայր Հայրենիքի բարգավաճման եւ հզորացման համար:

Հայաստանի դեսպանն ու արգենտինահայ կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղիկներ են դրել Արցախի հերոսների հուշարձանի մոտ:

Մայիսի 9-ին Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 66-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ Նիդերլանդների Ամերսֆորտ քաղաքում, որոնց մասնակցել են Հաագայում հավատարմագրված ԱՊՀ բոլոր երկրների դեսպանությունները, Ամերսֆորտի եւ Լյուսդենի քաղաքապետերը, պաշտոնյաներ, պատերազմի վետերաններ, ազգային համայնքների ներկայացուցիչներ:

«Կուդրայստ» համակենտրոնացման ճամբարի մոտ տեղադրված հուշարձանին ծաղկե զամբյուղներ տեղադրելուց հետո, միջոցառման մասնակիցները շարժվել են «Ռուստհոֆ» գերեզմանոց, որտեղ ամփոփված են խորհրդային 865 զինվորի աճյուններ: Անունները հայտնի զինվորների շարքում են նաեւ վեց հայ զինվոր, որոնցից մեկի հարազատներին հնարավոր է եղել գտնել անցյալ տարվա ընթացքում:

Հուշահամալիրում բարձրացվել են ՌԴ, Ուկրաինայի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի եւ Ադրբեջանի դրոշները: Դիվանագիտական առաքելությունների ղեկավարների, այդ թվում' Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանի, եւ քաղաքային իշխանությունների կողմից ծաղկեպսակներ են դրվել Խորհրդային զինվորների փառքի հուշարձանին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում