Հարցազրույց

Ո. Մարուխյան. «ՀՊՃՀ-ում «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ի հիմնումը շատ շուտով կտա իր առաջին պտուղները»

6 րոպեի ընթերցում

Ո. Մարուխյան. «ՀՊՃՀ-ում «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ի հիմնումը շատ շուտով կտա իր առաջին պտուղները»

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) մայիսի 11-ին հանդիսավորությամբ կբացվի «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»: Կենտրոնի ստեղծման ծրագրի, գործառույթների եւ հետագա անելիքների մասին «Արմենպրես»-ը զրուցեց ՀՊՃՀ-ի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի հետ:

-Պարո'ն Մարուխյան, ինչպե՞ս հղացավ ինովացիոն կենտրոնի ստեղծման գաղափարը, եւ ի՞նչ հնարավորություններ կտա կենտրոնի գործունեությունը:

-Դեռեւս 2009 թվականին դեկտեմբերին մեր համալսարանի եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի միջեւ կնքվեց համաձայնագիր: Երկու կողմերը պայմանավորվեցին սերտորեն համագործակցել «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն» ծրագրի շրջանակներում' համալսարանի տարածքում համապատասխան կառույց ստեղծելու շուրջ: Նախատեսվում էր, որ ստեղծվելիք կենտրոնը պետք է նոր խթան հանդիսանա Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար: Կարծում եմ, որ այն կնպաստի նորարարությամբ զբաղվող կազմակերպությունների ձեւավորմանը: Կենտրոնի գոյությունը հնարավորություն է տալու համապատասխան դասընթացների իրականացման ճանապարհով պատրաստել եւ վերապատրաստել համալսարանի ու տեղեկատվական տեխնոլոգաների ոլորտին առնչվող այլ բուհերի պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին, բնագավառի առաջատար կազմակերպությունների մասնագետներին: Նախատեսում ենք անցկացնել նաեւ «Մայքրոսոֆթ» սերտիֆիկացման դասընթացներ:

-Ովքե՞ր կարող են օգտվել կենտրոնի հնարավորություններից:

-Կենտրոնը բաց է լինելու բոլորի համար: Դա նշանակում է, որ այն անձինք, ովքեր ցանկանում են զբաղվել նորարարությամբ եւ քայլել ոլորտի զարգացմանը համահունչ, կարող են օգտվել կենտրոնի հնարավորություններից: Բնականաբար, կենտրոնում կազմակերպվող դասընթացներին առաջնահերթ կընդգրկվեն ՀՊՃՀ-ի դասախոսական կազմն ու ուսանողությունը, սակայն մենք պատրաստ ենք համագործակցել հանրապետության այլ բուհերի հետ եւս: Ուրախությամբ պետք է նշել, որ մի շարք այլ բուհերի հետ համագործակցության նախանշաններ արդեն կան:

Կենտրոնը հագեցած է արդիական սարքավորումներով եւ համապատասխան գործիքամիջոցներով: Այնտեղ հնարավոր է ազատորեն անցկացնել ոլորտին առնչվող ուսումնական ծրագրեր եւ ուսումնական կուրսեր: Կարծում եմ, որ կենտրոնը կդառնա նաեւ տեղեկատվական ոլորտին առնչվող հիմնահարցերի քննարկմանը նվիրված տարաբնույթ միջոցառումների' հանդիպումների, սեմինարների, հատուկ դասընթացների կազմակեպման կենտրոնատեղի:

-Ինովացիոն կենտրոնն ինչպիսի՞ ազդեցություն կունենա համալսարանի ընդհանուր գործընթացների վրա:

-»Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ը բնականաբար իր էական ազդեցությունը կունենա ՀՊՃՀ-ում ուսումնական գործընթացի նորովի կազմակերպման առումով: Այն հնարավորություն կտա մի շարք նոր առարկայական դասընթացներ ներդրնել կամ էլ գործողները լրամշակել: Բնականաբար, դա կնպաստի ուսուցման որակի բարելավմանը: ՀՊՃՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ համատեղ նախատեսվում է դասընթացների անցկացմանը մասնակից դարձնել նաեւ հայաստանյան եւ օտարերկրյա այլ մասնագետների:

Մենք լիահույս ենք, որ տարածաշրջանային նշանակություն ունեցող այս եզակի կենտրոնի ստեղծումը մեր տարածքում շատ շուտով կտա իր առաջին պտուղները ու էապես կնպաստի նորարարությամբ զբաղվող կադրային ներուժի ավելացմանը:

ՀՊՃՀ-ի տարածքում կենտրոնի հիմնումը հաստատում է այն իրողությունը, որ նշված հաստատությունն ունի տեղեկատվական ոլորտի որակյալ մասնագետների պատրաստման դեռեւս նախկինից եկող լավագույն ավանդույթներ:

-Ինչպիսի՞ն է համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների հետ:

-Այդ ուղղությամբ հարուստ ավանդույթ ունենք: Այսօր գործընկերային կապեր ունենք Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների գծով գործող գրեթե բոլոր կազմակերպությունների հետ: Ակտիվ համագործակցում ենք «Սինոփսիս Արմենիա»-ի հետ: Այս ընկերության եւ ՀՊՃՀ-ի գրեթե 10 տարի շարունակվող բարձրորակ մասնագետների պատրաստման կրթական մոդելը, համատեղ մշակված ուսումնական պլաններն ու առարկայական դասընթացները դարձել են ընդօրինակելի: Հպարտությամբ պետք է նշել, որ դրանք ներդրվել են մի շարք այլ երկրների համապատասխան ուսումնական հաստատություններում: Համագործակցության օրինակները բազմաթիվ են:

-Ինչպիսի՞ հաջողություններ ունի համալսարանը ՏՏ ոլորտի մասնագետների պատրաստման գործում:

-Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր պատրաստած մասնագետների որակը շատ բարձր է: Այսօր մեր մագիստրոսը գնում է դասավանդելու Հնդկաստան եւ Արաբական Միացյալ Էմիրություններ: Սա մեզ համար լուրջ ձեռքբերում է:

Մեզ համար թիվ 1 խնդիրն ուսուցման որակն է, իսկ դրա ապահովման տեսանկյունից անհրաժեշտ բազայի առկայությունը, բարձր մակարդակի պրոֆեսորադասախոսական կազմը պարտադիր բաղադրիչներ են:

Հարցազրույցը` Աննա Գզիրյանի

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում