Հարցազրույց

Հ. Պողոսյան. «2012թ. Մշակույթի նախարարության գերակա ուղղություններից կհամարվի գրատպությունը»

7 րոպեի ընթերցում

Հ. Պողոսյան. «2012թ. Մշակույթի նախարարության գերակա ուղղություններից կհամարվի գրատպությունը»

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մշակութային կյանքը գնալով աշխուժանում է, եւ այսօր իրականություն են դառնում ծրագրեր, որոնցից ակնկալիքների ու դրանց իրականացման ընթացքի, երկրում մշակութային կյանքի ներկա վիճակի եւ առկա խնդիրների մասին «Արմենպրես»-ը զրուցեց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ:

- Տիկի'ն Պողոսյան, ընթացիկ տարում որո՞նք են ՀՀ մշակույթի նախարարության գերակա ուղղությունները, եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դրանք իրականություն դարձնելու համար:

-Մշակութային ժառանգության պահպանության հիմքերի ապահովումը, մշակութային ժառանգության հանրահռչակումը, ինչպես նաեւ' մշակութային ծառայություններում սպասարկման գործառույթի բարելավումը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության գործունեության 2011 թ-ի գերակա խնդիրներն են: Նշյալ գերակայություններից յուրաքանչյուրի իրականացման ուղղությամբ նախարարությունը մշակում է համալիր քայլեր, որոնց շնորհիվ դրանք կյանքի են կոչվում: Գերակա ուղղություն է նաեւ նախարարության համար գրատպությունը, որով մենք պետք է ներկայանանք 2012 թվականին:

-ՀՀ Կառավարության կողմից Մշակույթի նախարարության համար սահմանված գերակա ուղություններից է մարզերում մշակույթի համաչափ զարգացումը: Այս ուղղությամբ նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում:

-Դեռ 2007 թվականից շատ է խոսվում մարզերում մշակույթի համաչափ զարգացման մասին: Ծրագիրը բաղկացած է շուրջ 10 տարբեր բաղադրիչներից եւ բնական է, որ այդ բաղադրիչների բովանդակային մասը ժամանակի ընթացքում որոշակի ձեւափոխություններ է կրում, բայց փաստը մնում է փաստ, որ այսօր այդ ծրագիրը տարեցտարի ընդլայնվում է' ե'ւ իր բովանդակությամբ, ե'ւ ֆինանսավորման չափով: Յուրաքանչյուր տարի համաչափության սկզբունքով Կառավարության կողմից տրամադրված ֆինասնսական ներդրումներն ավելանում են:

Առաջին հերթին մենք խնդիր ենք դրել մեր առջեւ հասարակության լայն շերտերի համար հասանելի դարձնել գրադարանային եւ թանգարանային ցանցերը: Դրա համար մենք կարեւորում ենք Հայաստանի ազգային գրադարանի կողմից իրականացվող «Գրադարան անիվների վրա» խորագրով ծրագիրը, որն, ըստ ժամանակացույցի, գնում է հեռավոր գյուղերը եւ տանում ոչ միայն գրադարանային հավաքածուներ, այլեւ նոր տպագրված գրքերը:

Իրականացվում է նաեւ «Ընտանեկան գրադարանավար ծրագիր»-ը, որն, ըստ էության, անշարժունակ մարդկանց տնային սպասարկումն է գրականությամբ: Մենք նաեւ իրականացնում ենք սոցիալական ծրագրեր վատ տեսողություն ունեցող անհատների համար, «Թանգարան անիվների վրա» ծրագիրը, որի շրջանակներում տարբեր թանգարաններում ու տարածքներում ցուցադրվում են արժեքավոր նկարներ: Ըստ ժամանակացույցի' աշխատում ենք չշրջանցել որեւէ համայնք:

- Մշակութային ժառանգության պահպանության հիմքերի ապահովման նպատակով' նախատեսվում է ստեղծել մշակութային ժառանգության վերականգնման ուսումնական կենտրոններ: Ի՞նչ գործառույթներ կիրականացնեն դրանք:

-Ծրագիրը բազմակողմանի է: Ուսուցողական-կրթական հատվածի շրջանակներում Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում նախատեսվում է բացել մագիստրոսական կուրս, որտեղ հուշարձանների վերականգնման հմտություններ կդասավանդեն իտալացի մասնագետները: Հաջորդ հատվածը վերաբերում է պատմամշակութային հուշարձանների վերականգնող կազմակերպությունների ղեկավարների վերապատրաստմանը, քանի որ չափազանց կարեւոր է, որպեսզի վերականգնման ընթացքում կազմակերպություններն աշխատեն գրագետ եւ որակավորված մոտեցում ցուցաբերեն հուշարձանների հանդեպ:

Մշակութային ժառանգության վերականգնման ուսումնական կենտրոնների ստեղծումից բացի, աշխատանքներ կտարվեն նաեւ դրանց նյութատեխնիկական բազայի համալրման, համապատասխան լաբորատորիաների ստեղծման, որմնանկարներ, կերպարվեստի գործեր, հուշարձաններ եւ մշակութային առարկաներ վերականգնող կադրերի պատրաստման համակարգի ուղղությամբ:

-Քանի՞ հաշվառված հուշարձան կա, եւ քանի՞ թանգարանային ֆոնդ ունի վերականգնման կարիք:

-ՀՀ-ում ներկայում հաշվառված ավելի քան 24 հազար հուշարձաններից եւ թանգարանային ֆոնդերում պահվող 1 մլն 738 հազար 678 թանգարանային միավոր առարկաներից մեծ մասն ունեն վերականգնման կարիք: Մշակութային ժառանգության վերականգնման ուսումնական կենտրոնի ստեղծումը կապահովի մշակութային արժեքների որակյալ վերականգնում եւ պահպանում տեղի ներուժի միջոցով: Կենտրոնի ստեղծումից հետո նախատեսվում է այն դարձնել տարածաշրջանային, որտեղ կիրականացվեն միջազգային փորձի ուսումնասիրություն, արտերկրի մասնագետների ներգրավմամբ համատեղ դասընթացներ ու սեմինարներ:

- Ընթացիկ տարում թատերահամերգային եւ թանգարանային կազմակերպությունների տոմսային տնտեսությունում կներդրվի տոմսերի էլեկտրոնային վաճառքի միասնական համակարգ: Դա ի՞նչ նպատակ է հետապնդում:

- Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ տոմսերի էլեկտրոնային վաճառքի միասնական համակարգերի ներդրումը մշակութային ծառայություններում սպասարկման գործառույթի բարելավման նպատակ է հետապնդում: Տոմսերի էլեկտրոնային վաճառքի միասնական համակարգ նախատեսվում է ներդնել թանգարաններում, համերգային եւ թատերական պետական կազմակերպություններում եւ դրանց մասնաճյուղերում: Ծրագրի հիմնական խնդիրն է սպառողի համար տոմսերի վաճառքն առավել մատչելի դարձնելը թե' ժամանակի խնայողության, եւ թե' հասանելիության առումով:

Տոմսերի էլեկտրոնային համակարգի ներդրումը ենթադրում է նաեւ էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի պարբերական համալրում եւ թարմացում, ինչպես նաեւ' միասնական էլեկտրոնային ցանցի ստեղծում:

- Խոսենք նաեւ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մասին: Ի՞նչ պատկեր է այնտեղ:

- Թատրոնում ներկայում պատկերը բարդ չէ: Անընդհատ խոսվում է միայն այն հանգամանքի մասին, որ թատրոնը չունի գեղարվեստական ղեկավար, եւ դա իր հետ մի շարք խնդիրներ է առաջ բերում, բայց անտեսում ենք այն հանգամանքը, որ տարբեր ռեժիսորների գործունեության շնորհիվ թատրոնն ունեցավ ներկայացումների ժանրերի բազմազանություն: Մենք ունեցանք նաեւ լավ ցուցանիշներ եկամուտների մասով, որը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր ռեժիսոր իր հետ թատրոն է բերել իր հանդիսատեսը: Ես բավարարված եմ այդ գործընթացից: Չի կարելի մշակույթի ասպարեզում բանաձեւերով առաջ շարժվել: Կարեւորն այն է, որ թատրոնն աշխատում է կայուն խաղացանկով, որը երբեմն ընդհատվում է կոմերցիոն ծրագրերի ժամանակ: Մշակույթի ոլորտում անհրաժեշտ է քանդել կարծրատիպերը, քանի որ մշակույթը դինամիկ երեւույթ է:

Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում