Կարծիքներ

Է.Նալբանդյան. «Թուրքիան չի հարգում իր կողմից ստանձնած պարտավորությունները»

2 րոպեի ընթերցում

Է.Նալբանդյան. «Թուրքիան չի հարգում իր կողմից ստանձնած պարտավորությունները»

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան չի հարգում իր կողմից ստանձնած պարտավորությունները եւ հակադրվում է միջազգային հանրությանը: Այսօր Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը' ընդգծելով, որ միջազգային հանրության դիրքորոշումը համահունչ է հայկական կողմի դիրքորոշմանը, այն է' առանց նախապայմանների վավերացնել եւ իրականացնել արձանագրությունները: «Այսպիսի մոտեցմամբ ու՞ր կարելի է հասնել: Չեմ կարծում, որ որեւէ մի տեղ կարելի է հասնել նման դիրքորոշմամբ»,- շեշտեց Է. Նալբանդյանը:

Անդրադառնալով վերջերս հայկական լրատվամիջոցներից մեկին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի տված հարցազրույցին' նախարարը ցավով նշեց, որ այդ հարցազրույցը որեւէ դրական ազդակ չի պարունակում, «ուղղակի եւ անուղղակի ձեւով նորից հնչում են նախապայմաններ արձանագրությունների վավերացման համար»:

«Հարեւանների հետ «0 խնդիր» թուրքական քաղաքականությունը միշտ համարել եմ ներառման քաղաքականություն, ոչ թե հարեւանների հետ «0 հարաբերությունների» քաղաքականություն»,- ասաց Շ.Ֆյուլեն' ավելացնելով, որ վերջին շրջանում Հայաստանը եւ Թուրքիան մեծ ներդրում են կատարել իրենց հարաբերությունների բարելավման ուղղությամբ: «Դժբախտաբար, վերջին քայլը' կարեւոր համաձայնությունների վավերացումը, չի իրականացվել»,- նշեց նա' հույս հայտնելով, որ փաստաթղթերը կմնան սեղանին, եւ ավելի բարենպաստ պայմանների ստեղծման դեպքում' այս գործընթացը կվերականգնվի:

Նրա խոսքով' ԵՄ անդամակցության վերաբերյալ բանակցությունները միայն թեկնածու երկրին առաջադրվող 35 գլուխ տեխնիկական պահանջները չեն.»դրանք նաեւ վերաբերում են հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալուն, եւ մենք հուսով ենք, որ Թուրքիան այս ընդհանուր մոտեցումից բացառություն չի լինի»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում