Մ. Պողոսյան. «ՀՀ քաղաքացին է ԴԱՀԿ ծառայության լավագույն վերահսկիչը»

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը մայիսի 5-ին նշելու է գործունեության 13-ամյակը: Ծառայության ունեցած հաջողությունների եւ խնդիրների մասին «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի հետ:

-Պարո'ն Պողոսյան, 13 տարում ԴԱՀԿ ծառությունն անցել է բավականին լուրջ ուղի: Ի՞նչ ձեռքբերումներ ու բացթողումներ ենք ունեցել այդ ճանապարհին:

- Կազմավորումից 13 տարի անց, այսօր կարող ենք ասել, որ մենք ունենք կայացած ծառայություն: Երկու տարի առաջ, կապված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ, մենք կանգնեցինք լուրջ խնդիրների առջեւ' պայմանավորված կատարողական թերթերի աննախադեպ աճով: Այդ ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու համար անհրաժեշտ էին ձեռնարկել համապատասխան միջոցառումներ: Այդ ժամանակ Համաշխարհային բանկը լուրջ աջակցություն ցուցաբերեց' օգնելով ծառայությունում ներդնել տեղեկատվական տեխնոլոգիաներ: Դրա արդյունքում նախկին տարիների մեթոդով գործելաոճին, որը մեզնից ե'ւ ժամանակ էր խլում, ե'ւ ռեսուրսներ, վերջ դրվեց: Այսօր 22 բանկերից, պետական կառույցներից ենք հարցում կատարել' նրանց հետ մեր գործառույթներն իրականացնելով օպերատիվ կարգով:

Սա մեծ ձեռքբերում էր. այդ ժամանակ ծառայությունում յուրքանչյուր ամիս ստացվում եւ ընթացք էր տրվում շուրջ 8000 կատարողական թերթի. եթե չլիներ նման գործիքի կիրառումը, չէր լինի նաեւ աշխատանքի ներկայիս արդյունավետ կատարողականը:

Փորձում ենք առավելագույն ձեւով բարելավել նաեւ մեր ծառայողների աշխատանքային պայմանները: Օրինակ' Վայոց Ձորում արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք բերեցինք շենք, Սիսիանում' հողատարածք' այս տարի շենք կառուցելու նպատակով:

Ալիմենտի ոլորտում լուրջ խնդիրներ ունեինք' կապված ծնողի եւ երեխաների տեսակցության կազմակերպման վայրի հետ. նախկինում նրանք հանդիպում էին ծնողներից մեկի տանը կամ մեր ծառայության ինչ-որ աշխատասենյակում, որը ճիշտ չէր: Այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկեցինք եւ տեսակցության համար հատուկ սենյակ տրամադրեցինք:

Աշխատանքներ են տարվում նաեւ ԴԱՀԿ ծառայության թանգարանի ստեղծման ուղղությամբ: Կներկայացվի 13 տարիների ընթացքում իրականացված մեր ծառայության պատմությունը:

Ծառայությունը լարված է աշխատում, եւ եթե հսկողությունը պատշաճ մակարդակով չիրականացվի, ապա աշխատանքը կդառնա անարդյունավետ: Անում ենք ամեն ինչ' աշխատանքները ժամանակին կատարելու եւ ծանրաբեռնվածութունից խուսափելու համար: Մտածում ենք նաեւ այնպիսի մեխանիզմների կիրառման մասին, որոնց արդյունքում կկարողանանք գումարները գանձել' հարկադիր կատարողի միջամտությունը հասցնելով նվազագույնի:

- Այլ երկրների ԴԱՀԿ ծառայությունների հետ համագործակցությունն ի՞նչ մակարդակի վրա է, եւ հիմնականում ո՞ր երկրների հետ եք համագործակցում:

-Հիմնականում համագործակցում ենք Ռուսաստանի եւ Ֆրանսիայի մեր գործընկերների հետ: Արցախի ԴԱՀԿ ծառայության հետ փոխըմբռնման հուշագիր ենք կնքել, որի արդյունքում Հայաստանի ԴԱՀԿ-ն իր ունեցած հաջողությունները, տարիների փորձն ու գիտելիքը փոխանցում է Արցախի համապատասխան ծառայության աշխատակիցներին: Հաճախ ենք այցելում Արցախ, հանդիպում մեր գործընկերներին' այնտեղ եւս աշխատանքները արդյունավետ կազմակերպելու համար:

Ռուսաստանի հետ համագործակցությունը նույնպես բարձր մակարդակի վրա է: Մասնակցել ենք Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած գիտաժողովին, ակտիվ աշխատանք է տարվել նաեւ սպորտի բնագավառում. մեր թիմը 87 թիմերի մեջ երրորդ տեղը գրավեց: Իսկ երկու տարի առաջ Ռուսաստանի գլխավոր հարկադիր կատարողից ստացանք առաջարկ' Հարկադիր կատարողների միջազգային միություն ստեղծելու վերաբերյալ: Այս առաջարկը պայմանավորված էր նրանով, որ եվրոպական մի շարք երկրներ մասնավոր հարկադիր կատարման ծառայության անցնելու խիստ աշխատանքներ են տանում' ակնկալելով մասնավորեցնել այս ծառայությունը: Մեր կարծիքն այս հարցում միանշանակ է. մենք դեռեւս պատրաստ չենք անցնելու նման կարգվիճակի: ՀԲ-ի հետ քննարկումների արդյունքում եկանք այն եզրահանգման, որ այսօր մեզ համար արդյունավետ է լինել պետական կառույց, ստանալ պետական օժանդակություն, քան' հակառակը:

- Ներկայիս օրենսդրական դաշտը որքանո՞վ է բարենպաստ ծառայության առջեւ դրված նպատակներին հասնելու համար:

- Վերջին երկու-երեք տարիների ընթացքում օրենսդրական դաշտում մեծածավալ փոփոխություններ են իրականացվել: Ներկայում եւս նախաձեռնել ենք օրենսդրական փոփոխությունների նախագիծ: Փոփոխություններն իրականացվում են օրենքի երկակի մեկնաբանություններից զերծ մնալու համար: Կարծում եմ' օրենսդրական դաշտը 80 տոկոսով բարեփոխվել է: Ամեն ինչ միանգամից հնարավոր չէ կարգավորել, դրա համար ժամանակ է պահանջվում:

-ԴԱՀԿ աշխատակցի նկատմամբ հասարակության տարբեր շերտերում կարծրատիպ կա ձեւավորված: Ինչո՞վ դա կմեկնաբանեք: Հարկադիր կատարողի նկատմամբ բնակչության վերաբերմունքի փոփոխության համար ի՞նչ քայլեր են ձեռնարկվում:

-Բոլորիս համար էլ հասկանալի է, որ հարկադիր կատարման ծառայություն դիմող մարդիկ մինչեւ մեր ծառայություն հասնելը, այդ ճանապարհին հանդիպում են մի շարք քաշքշուկների: Հետեւապես, իրենք ի սկզբանե դժգոհ են գալիս մեզ մոտ: Ամսական ունենում ենք 8000 վարույթ, այսինքն' 8000 պոտենցիալ դժգոհ քաղաքացի: Եկուսուկես տարի առաջ բացվեց թեժ գիծ, որի նպատակը մեկն էր' մարդիկ կարողանային իրենց խնդիրը հասցնել ղեկավարությանը: Հենց այդ մարդիկ են մեզ օգնում եւ հիմնականում նրանց կողմից բարձրաձայնվող բողոքների միջոցով ենք իմանում մեր ծառայությունում առկա խնդիրների մասին: Անհնար է հսկողություն սահմանել երկու հարյուր հազար գործերի վրա: Այդ մարդիկ են հանդիսանում մեր ծառայության լավագույն վերահսկիչները: Մենք էլ անում ենք ամեն ինչ' խուսափելու տհաճ դեպքերից: Ներկայում ծառայողական քննություն ունենք բաժնի պետերից եւ աշխատողներից մեկի վերաբերյալ, որոնք հոր եւ երեխայի տեսակցության ժամանակ անպարկեշտ են խոսել: Նման խնդիրները մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում: Փորձում ենք ամեն ինչ անել' քաղաքացու առանց այն էլ դժվար կյանքն առավել չբարդացնելու համար:

- Արդեն ամփոփել եք այս տարվա առաջին եռամսյակի տվյալները: Որքա՞ն գումար է վերականգնվել ձեր կատարած աշխատանքի արդյունքում:

- 2011թ.-ի առաջին եռամսյակի ցուցանիշներն աննախադեպ էին. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պահանջատերերի օգտին վերականգնել է ավելի քան 3,5 մլրդ դրամ' նախորդ տարվա նույն ժամանակամիջոցում վերականգնված 2,7 մլրդ դրամի դիմաց: Աճը կազմել է 32%, այդ թվում' պետական բյուջեի օգտին' 503 մլն դրամ, իրավաբանական անձանց օգտին' 2,483 մլրդ դրամ, իսկ ֆիզիկական անձանց օգտին' 365 մլն դրամ, նախորդ տարվա 270-ի մլն-ի դիմաց:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հարուցվել են 23 հազար 279 կատարողական վարույթներ' 2010 թվականի 16 հազար 573-ի դիմաց. աճը կազմել է 40%: Նշված ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, ընթացի մեջ է եղել 54,7 հազար վարույթ, ինչը 66%-ով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից:

Հարցազրույցը` Լուսինե Մարտիրոսյանի

Հայերեն Русский

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում