Ալ. Իսկանդարյան. «Ընդդիմությունը փորձում է ներգրավել նաեւ ոչ ծայրահեղական ընտրազանգվածը»
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմությունը փորձում է ներգրավել նաեւ ոչ ծայրահեղական ընտրազանգվածը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, ընդդիմության եւ իշխանության միջեւ նշմարվող երկխոսության տարրերը կարող են համարվել նախընտրական արշավի սկիզբ: Նրա կարծիքով' ամառային շրջանը լինելու է քաղաքական «լռության» շրջան, իսկ աշնանը' մինչեւ խորհրդարանական ընտրությունները, ընթանալու են քաղաքական ուժերի դիրքավորումները:
«Կողմերը փորձում են լավագույնս դրսեւորել իրենց ընտրություններից առաջ: Դա մասնավորապես արտահայտվեց նաեւ կոալիցիայի կնքած հուշագրում, որով իշխանությունը կոնսոլիդացվեց»,- նշեց Ալ. Իսկանդարյանը:
Անդրադառնալով նախորդ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե ապրիլի 28-ի հանրահավաքը կարող է դառնալ կամ ջրբաժանի, կամ երկխոսության օր, քաղաքագետը նշեց, որ ջրբաժան, ըստ էության, գոյություն չունի, քանի որ այն պահանջները, որոնք ներկայացնում է ընդդիմությունը, իշխանությունը կատարում էր սեփական կամքից ելնելով' անկախ ընդդիմության ցանկությունից:
«Ինչ վերաբերում է Ազատության հրապարակին, ապա այն ուղղակի խորհրդանիշ է եւ ոչինչ ավելին, իսկ մարտի 1,2-ի գործող ձերբակալված մարդկանց ազատ արձակման հարցը վաղուց է դրված իշխանության օրակարգում»,- նշեց Ալ. Իսկանդարյանը: