«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում Արշիլ Գորկու ցուցահանդեսի մուտքը հուլիսի 23-ից կլինի անվճար
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ մեծանուն արվեստագետ Արշիլ Գորկու ստեղծագործությունների ցուցահանդեսը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում մոտենում է ավարտին: Արվեստի կենտրոնի հանրային կապերի եւ մարքեթինգի տնօրեն Աննա Սիմոնյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ մինչ ցուցահանդեսի ավարտը` հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը, «Արշիլ Գորկի. ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեանի հավաքածուից» ցուցահանդեսի մուտքը կլինի անվճար, իսկ հուլիսի 31-ին եւ օգոստոսի 1-ին այցելուներին կառաջարկվեն նաեւ անվճար էքսկուրսավարների ծառայություններ` նախնական գրանցմամբ: Արշիլ Գորկու ստեղծագործությունների ցուցահանդեսը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում բացվել էր 2009 թ. նոյեմբերին: Ներկայացված 16 գծանկար եւ 7 գեղանկար աշխատանքները շատ շուտ հայտնվել են հանրության լայն շրջանակների ուշադրության կենտրոնում:
Արշիլ Գորկին, Արեւմտյան Հայաստանից 1915թ. Ցեղասպանության օրերին մազապուրծ լինելով, դարձել է իր մոր սովամահության ականատեսը: Որոշ ժամանակ Երեւանում ապրելուց հետո նա տասնհինգ տարեկան հասակում մեկնել է Միացյալ Նահանգներ 1920թ: Իր ողջ կյանքի ընթացքում Գորկին մեծ սիրով էր լցված հայրենիքի նկատմամբ: Իր եղբայր Մուրադին եւ քրոջը` Վարդուշին, ուղարկած բազմաթիվ նամակներում նա արտահայտում է Արեւմտյան Հայաստան վերադառնալու կարոտը` բանաստեղծորեն խոսելով հարազատ երկրի մասին. նրա գյուղերի հինավուրց խաչքարերի, իր հարազատ Վանի աղով լցված օդի, լեռների բույրի, երիտասարդ ժամանակ կերած դոլմայի, եւ իհարկե իր սիրելի Արարատ լեռան մասին, որին Գորկին անվանել էր «բնության շարժումները կարգավորող ուղեղ»:
Արշիլ Գորկին դարձավ քսաներորդ դարի ամենաազդեցիկ նկարիչներից մեկը, եւ հենց այն ժամանակ, երբ նրա ճանաչումը հասնում էր նոր բարձունքների, 1948 թվականին նրա կյանքը ողբերգական կերպով ավարտվեց ինքնասպանությամբ: Գորկու ցուցահանդեսը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի բացումը նշանավորող բազմաթիվ ցուցահանդեսներից մեկն է եւ արժանի գնահատանքը մի արվեստագետի հիշատակին, որի մահվան 60-րդ տարելիցը նշանավորվում է ընդգրկուն ցուցադրություններով նաեւ աշխարհի այնպիսի թանգարաններում, ինչպիսիք են Ֆիլադելֆիայի Արվեստի թանգարանը, Լոնդոնի Թեյթ Մոդեռնը եւ այլն: