Հրատարակվել է Թ. Պողոսյանի «Աշուղ Ջիվանի, նոր երգեր» գիրքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս է տեսել Հայաստանի վաստակավոր արտիստ, երգիչ, «Սայաթ-Նովա» աշուղական խմբի ղեկավար Թովմաս Պողոսյանի «Աշուղ Ջիվանի, նոր երգեր» գիրքը: Դրանում տեղ են գտել Ջիվանու երբեւէ լույս չտեսած 450 ստեղծագործություններ: Այս աշխատությունը ստեղծվել է Թ. Պողոսյանի 20 տարվա աշխատանքի արդյունքում:

Ինչպես այսօր գրքի ներկայացման ժամանակ ասաց Թ. Պողոսյանը, նյութերը հայթհայթելիս օգտվել է մի շարք աղբյուրներից: Աշուղի ստեղծագործությունների հիմնական մասը գտնվել են Ջիվանու եւ Հայ աշուղների ֆոնդում: Թ. Պողոսյանը նյութեր է քաղել նաեւ Կոմիտասի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Թումանյանի, Ջիվանու որդու` Գարեգին Լեւոնյանի ֆոնդերից` իր աշխատությունը նվիրելով Ջիվանու մահվան 100-ամյակին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Թ. Պողոսյանը շատ բարձր գնահատեց աշուղ Ջիվանու արվեստը: «Ջիվանին մեր ժողովրդի ամենամեծ զավակներից է, որի գիտակցության մեջ դաջվեց մեր ժողովրդի անցյալը, պատմությունը, վերելքները եւ հատկապես տառապալից վայրէջքները, որոնք դարձան նրա գաղափարախոսության ակունքը, եւ նա դարձավ այդ ամենի երգիչն ու քարոզիչը»,- ասաց Թ. Պողոսյանը: Ըստ նրա` Ջիվանու անտիպ երգերի հետազոտությունը, նաեւ դրանց հրատարակությունը կոչված է պաշտպանելու հայ ազգային երգը «դրսեկ, օտարամուտ, պղտոր հեղեղներից»: Գրքում ընդգրկված ստեղծագործությունների մեղեդին չի պահպանվել: Թ. Պողոսյանը արդեն վերականգնել է որոշ գործերի մեղեդիներ եւ հետագայում էլ կաշխատի այդ ուղղությամբ: Նա նշեց, որ աշուղական ստեղծագործությունների պահպանման եւ հետազոտման գործում դեռ շատ անելիք կա, քանի որ «ունենք բազմաթիվ նշանավոր աշուղներ, որոնց ստեղծագործությունները արժանի են մեր ժողովրդի սեփականությունը դառնալուն»:

Հայերեն